Ո՞ւր է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, որն ասում էր՝ հող հանձնողին հողին կհանձնեմ. Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց. «Երեւի թե ճիշտ կլինի խոսել այն մասին, թե մենք ինչեր պետք է անենք, որովհետեւ այն մարդը, որը հայտնի է իր արտահայտությամբ, որ 2018-ի իշխանափոխությունը ավելի մեծ արժեք է իրենից ներկայացնում, քան արցախյան ազատամարտը, այդ մարդուց այլ բան սպասել հնարավոր էլ չի: Նա հավատարիմ է իր խոսքերին, մնում է հավատարիմ այդ գաղափարին՝ իշխանափոխության, ավելի ճիշտ՝ թուրքական գործակալներին հանձնելով իշխանությունը՝ իրականացնում է հայ ազգի իսպառ բնաջնջումը: Ձեր հարցի պատասխանը ակնհայտ է՝ նա իրականացնում է 2018-ին իր կողմից հռչակած ծրագիրը»:
Ըստ Գագիկ Մինասյանի, թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են, որ պայմանավորվածությունները պետք է կատարվեն ու հարց է ծագում՝ այդ ո՞ր պայմանավորվածությունները՝ եռակողմ հայտարարությա՞ն, թե՞ այլ. «Կան այդպիսի պայմանավորվածություններ՝ չհրապարակված, որոնցից շատերին մենք արդեն ականատես ենք եղել, երբ հայտնի Կովսականը հանձնեցին, մեծ տարածքներ հանձնեցին, որոնք չէին մտնում եռակողմ հայտարարության ցանկի մեջ: Այդ չհրապարակված համաձայնությունները, որոնց մասին հոխորտում են Չավուշօղլուն ու վերջին օրերին Էրդողանը, իրենց կործանարար հետեւանքներն են ունենալու դրանք իրագործելու պարագայում: Մի բան ակնհայտ է՝ կարելի է ենթադրել, որ դրա համար՝ այդ բանավոր պայմանավորվածությունների համար այսօրվա իշխանությունները իսկապես ստացել են որոշակի միգուցե նաեւ ուղղակի գումարներ ու շանտաժի լեզվով են այսօր խոսում մեր իշխանությունների հետ, հետեւաբար կասեին՝ ստում եք, որեւէ խոստում չկա, որը տրվել է համաձայնությունների մեջ: Ակնհայտ է, որ շանտաժը այսօրվա իշխանությունների նկատմամբ շատ մեծ է»:
Նա հավելեց, որ այս խայտառակ անկումը կանխելու համար ուրիշ ճանապարհ չկա, քան իշխանափոխությունը:
Ի դեպ, երեկ Aravot.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ինչպես երկրապահները, այնպես էլ ինքը սահմանից տուն գրեթե չեն եկել, հիմա էլ սահմանում են, կոնկրետ ինքը՝ Կապանում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ