Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հյուրընկալեց Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ:
Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես եկավ հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրեց գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրեցին քրդական ժողովրդական մեկ երգ:
Կարդացեք նաև
Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ներկայացրեց Իրաքի Քրդստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորեց հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս հայտնեց, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:
Իր հերթին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրեց, թե հյուպատոսության աջակցությամբ ինչպիսի աշխատանքներ են ծավալվում Իրաքի Քրդստանի մշակութային, գիտական ոլորտներում: Նա հատկապես ընդգծեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ ունեցած սերտ համագործակցությունը:
Կարևորվեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտներն ակտիվացնեն իրենց կապերն Իրաքի Քրդստանի մշակութային և գիտական կազմակերպությունների հետ:
Հանդիպումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին