Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի ղեկավար ես, չես ասում՝ էս ժողովրդին ինչի եմ դատարկում ու հանում, գցում քուչեքը». Բերձորի բնակիչ

Օգոստոս 10,2022 15:53

Բերձորի բնակիչները խուճապի մեջ են: Օգոստոսի 8-ին գյուղամիջում հավաքվել եւ երկար սպասել են Ստեփանակերտից Բերձորի քաղաքապետի վերադարձին: Բերձորի բնակիչներից Սաթիկ Ասատրյանը Aravot.am-ին պատմեց, որ քաղաքապետը իրենց համար ուրախալի լուրով չի վերադարձել:

«Առաջարկում են մեզ ապրել Հովսեփավան գյուղում: Այստեղ տները դեռ կառուցված չեն: Մեզ առաջարկում են մեր գույքը տանել այդ գյուղի բունկերներում, նկուղային հարկերում տեղավորել, մեզ տեղափոխել Ստեփանակերտ։ Չգիտեմ՝ որտեղ կտեղավորեն, մինչեւ էդ Հովսեփավանի տները եսիմ երբ կկառուցեն, կվերջացնեն: Ընդ որում՝ չոր ու ցամաք տներ են կառուցում՝ դիմացը ոչ հող, ոչ բան: Էդ ժողովուրդը ոչ կարող է անասուն պահել, ոչ հող մշակել: Մարդ կա՝ մեղու ունի, մարդ կա՝ խոզ ունի, շատ բաներ ունեն: Գնան էդ տները քնեն, զարթնեն: Բա ինչո՞վ ապրեն, աշխատանք չունեն: Գյուղապետն ասաց՝ մտածեք, որոշեք, առավոտյան ասեք՝ ով է գնում, որ տանեմ՝ ցուցակը ներկայացնեմ, բայց ոչ ոք չի ուզում գնա: Քաշաթաղից մեր պատգամավորն ասել էր՝ նոր տներում դուռը բացում ես, գույքն էլ մեջն է լինելու, գնացեք, ապրեք: Իսկ երեկ էլ ասացին, որ գույք էլ չեն տալու: Ասում են՝ ձեր գույքը տեղափոխեք ձեր հետ, որ ապրեք: Մարդիկ կան, որ պատերազմից հետո ջարդած գույք են այստեղից, այնտեղից հավաքել ապրում, ի՞նչ է հիմա էլ էդ քրջերը տեղափոխեն այնտե՞ղ, որ ապրեն: Համարժեք ոչ մի բան չեն առաջարկում, ոչ մի համարժեք փոխհատուցում չկա: Շների պես հանում, շպրտում են: Մեր գյուղապետն էլ էր շատ տխուր, որովհետեւ սարեր խոստացան, բայց գնաց Ստեփանակերտ, էդ են դեմ առել էդ խեղճ տղուն: Հետո վարձով տներ էլ են առաջարկում, մինչեւ Հովսեփավանի տների վերանորոգումը: Բայց առաջարկում են Կոռնիձոր, այնպիսի տեղեր, որ թուրքի բերան է։ Հենա իմ Լաչինում կապրեմ: Ես գնամ թուրքի բերան վարձ՞վ ապրեմ, հետո ինչով տամ էդ վարձը»,- պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ բնակիչներով նախնական որոշում ունեն իրենց գույքը տեղափոխել առաջարկվող կացարաններ, իսկ իրենք մնան Բերձորում՝ անձամբ դիմավորեն ադրբեջանցիներին. «Որոշել էինք մեր գույքը տանել ապահով տեղ ու մենք նորից բոլորս հետ գանք Բերձոր ու սպասելու ենք մինչեւ վերջին օրը, երբ թուրքը ոտք դնի մեր Բերձոր, տեսնենք՝ ոնց է ոտք դնում…էս պետությո՞ւն է, էս ղեկավա՞ր է, Հայաստանի ղեկավար ես, չես ասում՝ էս ժողովրդին էս ինչ եմ անում, ինչի եմ դատարկում ու հանում, գցում քուչեքը»:

Հովսեփավանի նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Նախնական տվյալներով՝ շինարարությունը կավարտվի մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում մասամբ հերքեց բնակիչների անհանգստությունը, թե իրենց համարժեք փոխհատուցում չի առաջարկվում. «Համարժեքը մի դեպքում կարող է շատ ավելի լինել, մյուս դեպքում՝ մի քիչ ավելի քիչ: Վստահ ասել, որ համարժեք չէ, չէ: Ինքս երբ տեսել եմ էս պահին իմ բնակարանը կամ նախկինում, որը եղել է եւ տեսել եմ առաջարկվող իմ բնակարանը, համարժեք է, մի բան էլ ավելի:

Կլինեն դեպքեր, որ հավասար կլինի փոխհատուցումը, կլինեն դեպքեր, որ համարժեքից մի քիչ ցածր կլինի: Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե հողատարածքներ չեն ունենա նոր բնակավայրում: Մենք մոռանում ենք, որ շատ մեծ քանակությամբ հողատարածքներ մեր վերահսկողությունից դուրս են մնացել:

Այս պարագայում հիմնել բնակավայրեր դա այն հողատարածքների հաշվին է, որոնք կան: Իսկ բնակարանը, որպես այդպիսին, իր տնամերձ հողատարածքի կամ բնակարանը իր սպասարկող հողատարածքի չափով հողատարածք ունի: Այլ հարց է հողատարածք ասելով ինչ ենք հասկանում կամ ինչ ենք պատրաստվում անել: Առաջարկվել են նաեւ այլընտրանքային հողատարածքներ բնակավայրին կից, հնարավորության սահմաններում կտրամադրվի: Որովհետեւ ոչ բոլորն են այդ հողատարածքի կարիքը զգալու: Նրանք, որոնք կցանկանան գյուղատնտեսությամբ զբաղվել, կառաջարկվեն հողատարածքներ բնակավայրին կից մեկ ուրիշ հողամաս: Բերձորցիների 0.1 տոկոսն անասուն չի պահում: Ով էլ, որ պահում է անասուն, այլ պայմաններ առաջարկվել են՝ բնակարաններ ու մեկ այլ կից բնակավայրում անասնագոմ: Ինչ վերաբերում է Հովսեփավանում տները դեռ կառուցված չեն, ապա ասեմ՝ տները կառուցված են: Տվյալ բնակավայրում կան ավարտին հասցված բնակարաններ, կա կառուցման միջանկյալ փուլում գտնվող բնակարաններ եւ նոր հիմքերը պատրաստ բնակարաններ, կան հիմքային աշխատանքները դեռ իրականացվող բնակարաններ:

Որպես այլընտրանք՝ Բերձորի բնակիչներին տեղավորվելու են Ստեփանակերտի հյուրանոցներում մինչեւ ավարտին կհասցվեն Հովսեփավանի բնակարանները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031