Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստանի մաս չհամարողները Հայաստանում պետական պաշտոններ չպետք է զբաղեցնեն․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 10,2022 14:25

Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Արցախը չպետք է Հայաստանի կազմում լինի, Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան. այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հավաքում կարծիք հայտնեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Իր համոզմունքը նա բացատրում է այսպես՝ ըստ 1992 թվականի ԳԽ ընդունած Անկախության հռչակագրի, որը հղում է կատարում 1989 թվականի Հայաստանի ՀՀ ԳԽ եւ ԼՂՀ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, որը նախատեսում է Արցախի միավորումը Հայաստանի հետ: «Եթե որեւէ պաշտոնյա այս երկրում այլ կերպ է մտածում, նա Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ էական համարելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությունն էլ իր հերթին հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին: Խոսքի ազատության պայմաններում, բանախոսը նորմալ է համարում, որ այլ կերպ մտածող մարդիկ լինեն, բայց նրանք չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել մի պետությունում, որը ստեղծվել է Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի գործունեությունը համեմատելով Անկախության հռչակագրի հետ, բանախոսը հանգում է նրան, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը հետամուտ չեն այն խնդիրներին, ինչի համար ստեղծվել էր Հայաստանի հանրապետությունը:

Էդգար Ղազարյանը մեջբերեց 2018-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթից, երբ նա հավակնում էր ՀՀ վարչապետի պաշտոնին: Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսում է Շուշիի ազատագրման կարեւորությունից, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» կարեւորությունից, որի նպատակն է անառարկելի դարձնել Հայաստանի եւ Արցախի՝ 1990-ականներին սկսած ազատագրական պայքարն եւ այն իր ավարտին հասցնել, հայտարարում է, որ «թավշյա հեղափոխությունը» Արցախի համար վտանգ չի ստեղծում, այլ նորանոր հնարավորություններ է բացում՝ նաեւ Արցախի ինքնորոշման եւ միջազգային ճանաչման հարցով: Խոսում է նաեւ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հետամուտ լինելու մասին: Էդգար Ղազարյանը նկատում է, որ այժմ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ անում է ճիշտ հակառակը:

Էդգար Ղազարյանը կոչ արեց 1992 թվականի ԳԽ բոլոր պատգամավորներին, ովքեր որ ողջ են, առողջ եւ գտնվում են Հայաստանում, օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման 32 ամյակի օրը, հավաքվեն Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարական շենքի նիստերի դահլիճի մուտքի մոտ, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը: Նա հիշեցրեց, որ ՀՀ առաջին ԳԽ պատգամավորներ են եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն այդ ժամանակ եղել է նաեւ ԳԽ նախագահ եւ ստորագրել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Տիգրան Սարգսյանը եւ բազմաթիվ երեւելի գործիչներ: Անկախ այս մարդկանց նկատմամբ վերաբերմունքից, անկախ հետագայում նրանց վարած քաղաքականությունից, Էդգար Ղազարյանն այս մարդկանց համարում է Հայաստանի անկախության հայրեր, ովքեր պարտավոր են իրենց ստեղծած պետությունը պահպանել եւ փոխանցել սերունդներին: Ինքն իր հոր՝ լուսահոգի Ֆերդինանդ Ղազարյանի ոգով, որը նույնպես ԳԽ պատգամավոր է եղել՝ այդ օրը լինելու է նշված հասցեում: ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր հայրենատեր են, Էդգար Ղազարյանը նույնպես կոչ է անում միանալ եւ Հանրապետության հրապարակում, օգոստոսի 23-ին, մասնակցել մեծ հանրահավաքի: Նա տեղեկացրեց, որ ասուլիսից հետո, գրությամբ դիմելու է վարչապետի աշխատակազմին՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստերի դահլիճը ԳԽ պատգամավորներին տրամադրելու մասին, ԳԽ խորհրդանշական նիստ հրավիրելու համար: Նա ԳԽ որոշ պատգամավորների հետ հանդիպում-խոսակցություններ է ունեցել եւ դրական ազդակներ ունի:

Նպատակին հասնելու համար, ՀՀ քաղաքացիներին հանրահավաքներով եւ երթերով կազմակերպիչները չեն ծանրաբեռնելու, ընդամենը երեք հանրահավաք են նախատեսում՝ օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին՝ «Դիմադրության» շարժման հայտարարած հանրահավաքը կկայանա եւ վերջին հանրահավաքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման մասին՝ ԱԺ բակում: Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ իրենք գործելու են բացառապես սահմանադրական ճանապարհով եւ այս պահին երեք այդպիսի ճանապարհ կա Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու. առաջինն իր հրաժարականն է. «Մենք պատրաստ ենք գնալու, նրա հետ խոսելու, բացատրելու, որ ինքը հայ ժողովրդի համար մեկ թշնամին է, պատուհաս. մարդ է, կարող է հասկանա»: Երկրորդ տարբերակը՝ իրավականն է, որը «մինչ այժմ գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության պատճառով»: Եվ երրորդ տարբերակ՝ ԱԺ պատգամավորների 1/3-ը իրավունք ունեն վարչապետին անվստահություն հայտնել, եթե ունեն վարչապետի թեկնածու: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չունեն վարչապետի թեկնածու, այդ մասին չեն հայտարարել, սակայն, Էդգար Ղազարյանն ասաց՝ իրենք ունեն վարչապետի թեկնածուի նախանշված անձ, բայց այդ մասին չի խոսի, քանի դեռ ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ պատշաճ քննարկումներ չեն եղել: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու դեպքում, իր համոզմամբ, իշխող խմբակցության պատգամավորներից ևս կմիանան ընդդիմությանը՝ ապահովելով անհրաժեշտ ձայների քանակը. «Իսկ եթե 71 ավազակախումբը դուրս կգա հայ ժողովրդի դեմ, այդ ժամանակ իրենք մտածելու տեղիք կունենան»:

Էդգար Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ «Անկախության շարժումը» «Դիմադրության» շարժման հետ կապ չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031