Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը հայտարարեց «Անկախության շարժում» սկսելու մասին. «Ամենաուշը սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ»

Օգոստոս 10,2022 13:32

Այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, կանխելու համար պահանջվում են հրատապ միջոցներ. այսօր Հանրապետության հրապարակում կայացած հավաքում հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյաննը՝ անդրադառնալով Բերձոր, Սուս եւ Աղավնո բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու, տեղի բնակիչներին տարհանելու իրողություններին: Այս տեղահանությունը, սակայն, Էդգար Ղազարյանը պատմության կտրվածքով բացառիկ է համարում, քանի որ առաջին անգամն է, որ խաղաղ պայմաններում, ՀՀ իշխանությունների կողմից հայ մարդիկ տեղահանվում են. «Մինչեւ հիմա մեզ հայտնի է, որ հայերը տեղահանվել են եւ բնաջնջվում են թուրքերի կողմից, հիմա, առաջին անգամ, հայերը տեղահանվում են Հայաստանի իշխանությունների կողմից: Ընդ որում, դա իրականացվում է առանց որեւէ թղթի, առանց որեւէ պայմանագրի, առանց որեւէ իրավական ակտի. ուղղակի մի չճանաչված պետության ճանաչված նախարար (նկատի ունի Հայկ Խանումյանին-Ն. Գ.), որը հայտնի է իրեն ներկայացված քրեական մեղադրանքներով, գնում է հայկական բնակավայրեր եւ հայտարարում է՝ մարդկանց ասում է՝ մինչեւ օգոստոսի 25-ը դուրս եկեք ձեր տներից»:

Էդգար Ղազարյանը հիշեցնում է՝ եթե հիմք է ընդունվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա այդ հայտարարությամբ սահմանվում է, որ գոյություն ունի Լաչինի միջանցք, որի նկատմամբ Ադրբեջանն ունի անվտանգություն ապահովելու պարտավորություն եւ ռուս խաղաղապահներ, որոնք պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը:

Ստեղծված իրավիճակում դեսպանն անթույլատրելի է համարում՝ նստել եւ սպասել, թե Հայաստանի մյուս բնակիչներին ե՞րբ են տեղահանելու եւ խնդրում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը նոր շարժում սկսելու համար: Նոր շարժումը կրելու է «Անկախության շարժում» անվանումը եւ սկսվելու է 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը եւ պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը: «Այսինքն, ամենաուշը սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ»,- ասաց բանախոսը՝ ներկայացնելով 1992 թվականին ԳԽ-ի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը, որը, իր գնահատմամբ, անփոփոխելի է եւ հնարավոր չէ, որ լինի մեկ մարմին, որն այս փաստաթղթի մեկ տառն անգամ փոփոխի, քանի որ այդ փաստաթուղթը Հայաստանի անկախ պետության հիմնադրման փաստաթուղթն է եւ նրա գոյության իրավական հիմքը, ինչին հղում է անում նաեւ ՀՀ Սահմանադրությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031