2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:
Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 7 մասնակիցների:
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Կարդացեք նաև
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ