Այսօր Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստ: Ներկա էին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ներկայացվեց մարզի համայնքների բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտները: Հավաքագրման մասով լավագույն ցուցանիշ են ապահովել Տաշիր եւ Մեծավան համայնքները, իսկ նվազագույն ցուցանիշ՝ Սարչապետ եւ Փամբակ համայնքները: Նիստի ընթացքում խոսվեց նաեւ սուբվենցիոն ծրագրերի մասին:
Գյուղատնտեսության վարչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ այս տարի մարզում 3.5 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, իսկ մանր եղջերավորներն ավելացել են 14 տոկոսով:
Նիստի ժամանակ խոսվեց նաեւ համավարակի ու պատվաստումների գործընթացի մասին: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին բուժում է ստանում 59 հիվանդ. «Ըստ մոդելավորման տվյալների, պատվաստումների շաբաթական առաջին դեղաչափի թիվը նպատակային ցուցանիշների մինչեւ 70 տոկոս ապահովելու համար պետք է կազմի 2.037, սակայն շաբաթվա կտրվածքով արձանագրել ենք առաջին դեղաչափի կատարման թիվը՝ 53: Մարզում օգոստոսի 2-ի դրությամբ կատարվել է 72. 812 պատվաստում, որն ընդհանուր բնակչության թվի 45.7 տոկոսն է: Փաստացի աճը 0.03 տոկոս է որը շատ ցածր է նախատեսված ցուցանիշից՝ 1.43 տոկոս»:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում ԱԻՆ ԼՄՓՎ տեղեկացրեց նաեւ, որ այս պահին Լոռու մարզում տեղադրած է 70 շչակ, որոնցով հնարավոր է ազդարարել 31 բնակավայր, շչակների բացակայության պատճառով չի ազդարարվում 82 բնակավայր: Անհրաժեշտություն կա եւս 94 շչակի տեղադրման:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ