Հասարակական-քաղաքական գործիչ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ստեղծված իրավիճակում, եթե մենք պետություն ենք, իսկ մենք պետություն ենք, պետք է պաշտպանենք Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների իրավունքները: Հակառակ դեպքում շատ շուտով մենք կհայտնվենք նույն այդ իրավիճակում»:
Նարինե Դիլբարյանը նկատեց, որ այսքան ժամանակ Արցախի եւ Ադրբեջանի շփման գիծը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում: «Գրեթե կանոնավոր պարբերականությամբ, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ շփման գծի երկայնքով, տարբեր տեղերում տեղի են ունենում փոխհրաձգություններ, իսկ օգոստոսի 1-ից 3-ը, ըստ էության, եկեք իրերը դարձյալ կոչենք իրենց անուններով, ռազմական լայնամասշտաբ գործողություններ: Եվ դա Ադրբեջանը կոչեց հակաահաբեկչական գործողություն: Այսինքն, Հայաստանը հայտարարվեց ահաբեկիչ պետություն, որի դեմ, իբր, կատարվում էր հակաահաբեկչական գործողություն: Եվ սա այն համապատկերում, երբ Հայաստանի Հանրապետության զինծառայողները իրենց ժամկետից, օգոստոսի 14-15-ից շուտ զորացրվեցին:
Ես ուզում եմ, որ բոլորս միասին հեռանանք հույզերից, խոսենք միայն փաստերի մասին եւ այդ փաստերի պատասխանատուներից եւ ձերբազատվելու ռեալ ուղիներ մշակենք»,-հայտարարեց Դեմկուսի փոխնախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ