Օգոստոսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը Կալաբրիայի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելեց «Լեոնիդա էդիցիոնի», ծանոթացավ խմբագրատան աշխատանքներին, հանդիպում ունեցավ խմբագրատան տնօրեն Դոմենիկո Պոլիտոյի, համալսարանական պրոֆեսորների, ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների, լրագրողների հետ։
Այցի ընթացքում պարոն Պոլիտոն դեսպանին նվիրեց իր խմբագրատան կողմից օրերս հրատարակված՝ Չարենցի ստեղծագործությունների իտալերեն հատորի առաջին օրինակը։ Այս երկլեզու հատորը տպագրվել է «Լեոնիդա էդիցիոնի»-ի հետ Հռոմում ՀՀ դեսպանության սերտ համագործակցությամբ և ներառում է Չարենցի առաջին շրջանի ստեղծագործությունները։
Կարդացեք նաև
Հատորը մեկտեղել է լուսահոգի Մարիո Վերդոնեի, Հայր Լևոն Զեքյանի, Անուշ Թոռունյանի, Ալֆոնսո Պոմպելլայի, Մարիամ Երեմյանի, Հասմիկ Վարդանյանի, Գրիգոր Ղազարյանի կատարած թարգմանությունները՝ Նաիրա Ղազարյանի համակարգմամբ։ Մուտքի խոսքը ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանինն է, նախաբանը գրել է Ստեֆանո Գարձոնիոն, իսկ Չարենցի կարճ կենսագրական ակնարկը՝ Լետիցիա Լեոնարդին։
Հատորը լույս է տեսել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 30-ամյակի և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով։
Oգոստոսի 6-ին էլ դեսպանը մասնակցեց Xenia book Fair գրքի տոնավաճառի շրջանակում կազմակերպված՝ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Եղիշե Չարենցի առաջին շրջանի ստեղծագործությունների երկլեզու՝ հայերեն և իտալերեն «Ես իմ անուշ Հայաստանի» հատորի հրատարակությանը։ Միջոցառման ժամանակ իտալական գրքասեր հասարակությանն է ներկայացվել Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, երկերի վերլուծությունը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Անասսիլաոս» մշակութային ասոցիացիայի նախագահ Ստեֆանո Իորֆիդան, Միջերկրական համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Բոմբինոն, «Pro Loco Brancaleone» ասոցիացիայի հիմնադիրներ Կարմինե Վերդուչին և Սեբաստիանո Ստրանջեսը։ Չարենցին նվիրված միջոցառումն ավարտվել է Նաիրա Ղազարյանի կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հայերեն և իտալերեն ասմունքով։
Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունների