Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիից մատուցողներին «գողանում են»․ աշխատող գտնելը շատ դժվար է»․ գործարար

Օգոստոս 09,2022 17:44

Գյումրու Շիրազի փողոցում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջային քաղաք դարձած Գյումրիում աշխատուժի մեծ պահանջարկ կա։

«Ծայրահեղ ծանր է աշխատուժի խնդիրը, սպասարկման ոլորտում բարձորակ աշխատող գտնելը շատ բարդ է։ Երևի թե Գյումրիում այսօր ավելի հեշտ է գտնել ազատ տիեզերագնաց, քան ազատ մատուցող։ Առավել ևս, երբ Գյումրիից մատուցողներին «գողանում են» Երևանն ու մյուս մարզերը, որովհետև այնտեղ օրական աշխատավարձը տատանվում է 20-25 հազար դրամի սահմաններում, իսկ Գյումրիում մատուցողի օրական աշխատավարձը 10 հազար դրամ է։

Պիկ ամիսներին Գյումրիի աշխատուժը գնում է Երևան աշխատելու, սեզոնի ավարտից հետո գալիս են Գյումրի ու այդ ժամանակ աշխատուժի ավելցուկ է ստեղծվում։

Այնպես որ բավական խնդիրներ կան՝ սպասարկման ոլորտի աշխատակազմի հետ կապված, քիչ կառույցներ կան, որոնք պատրաստում են այդ մասնագետներին։

Ի պատիվ քույր Արուսյակի և նրա հիմնած «Տիրամայր Հայաստանի» կրթօջախի, այնտեղ լավ կադրեր են պատրաստում, քոլեջներ կան, որոնք ևս աշխատում են այդ ուղղությամբ, սերվիսի բաժիններ ունեն, բայց ծավալներն այնքան քիչ են, որ դեռ շուկայի վրա լուրջ ազդեցություն չեն թողնում։

Կարելի է բոլոր կրթական հաստատությունների ներուժն օգտագործելով՝ ավելացնել կադրերի թիվը ու խնդիրը լուծել։ Այսինքն՝ շատ կարևոր է այս պահից սկսած մասնագետներ պատրաստելը, որպեսզի զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց, ունենաք զբոսաշրջային մասնագետներ ու աշխատակազմ»,-ասաց Վարդան Սրտաշյանը։

Վարդան Սրտաշյան

Մեր զրուցակիցը նշում է, որ բարդ իրավիճակ է ստեղծվել նաև հավաքարարներ գտնելու առումով։

«Այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձը միջինը բարձրացել է 20-30 տոկոսով։ Պետությունը, ինչպես միշտ, համակարգային միջամտություններ չի ցուցաբերում, ամեն ինչ մնացել է էնտուզիաստների, անհատ մարդկանց հույսին, պետք է իրավիճակում բեկում մտցնել, բայց ինչպես՝ դեռ պարզ չէ»,-ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գյումրիի լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031