«Չեմ սիրում որեւէ օտար դարձվածք օգտագործել՝ լինի անգլերեն, թե ռուսերեն, բայց այս իշխանության ինքնահոսի դեպքում կարծում եմ ставки сделаны: Իրենք արդեն կանխորոշել են, թե ինչ պետք է լինի: Օգոստոսի 25-ին այդ քայլը եթե ի կատար ածվի եւ դրան նախորդող քայլերի մեթոդաբանությամբ մենք պիտի ունենանք Արցախի շրջափակում»,- այսօր Հանրապետության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Աղավնոյի, Բերձորի, Սուսի մասին:
Նա նշեց, որ արդեն տեսնում ենք, թե ինչ է նշանակում Փաշինյանի ասած նշաձողի իջեցումը. «Ու այս ամեն ինչը տեղի է ունենում մեր՝ հայերի համաորոշմամբ: Տեղահանությունների պատկերները 107 տարի հաշվեք, ինչ ուզում եք հաշվեք, բայց մենք ենք համամասնակից: Իրենք շրջափակելու են, ինչպես մենք բացեցինք, կյանքի ճանապարհ ստեղծեցինք, հրաշք գործեցինք, ի հեճուկս նրա, որ անհավանական էր, մենք արեցինք եւ հետո 30 քանի տարի անց մենք դա համափակելու ենք, զոհեր ենք տալու եւ այդ զոհի համահեղինակը քաղաքացի Փաշինյանն է լինելու եւ նրա համահեղինակները, որոնք ոչ միայն Արցախում են, այլ՝ իր թիմակիցները, որոնք հիմա իրեն չեն ստիպելու հրաժարական տալ»:
Հարցին՝ ձեզ ասում են՝ ով միտինգ ու քայլերթ է անում, ավելի լավ է՝ գնա հիմա Բերձոր, Լաչինի միջանցք, պատ ստեղծի եւ ֆիզիկապես պաշտպանի Արցախը հայաթափումից, ի՞նչ կասեք սրա մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ, ինձ չեն թողել եւ չեն թողել ոչ միայն իմ ազատ խոսքի համար կա վրեժխնդրությունից ելնելով, միգուցե նաեւ այդ պատճառով, բայց դա վատ գաղափար չէ»:
Թե ինչու ստեղծված ծանր իրավիճակում ընդդիմությունը չի համախմբվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես բացատրեց. «Մենք վարժված ենք այս կամ այն քաղաքական կենտրոնի հետ մեր հույսերը, մեր շահերը կապել, բայց մենք պիտի կարողանանք պաշտոնական Երեւանի, ՀՀ շահի հետ կապել մեր հույսերը: Ցավոք, դրա համար նաեւ դժվարանում է համահավաքել ընդդիմության կամ հասարակության զգալի մասին»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը առանձին-առանձին համախմբման կոչ անում, բայց չի ստացվում միավորվել, ինքն առանձին գալիս է հրապարակ, Իշխան Սաղաթելյանն առանձին է հանրահավաքն անում եւ այսպես շարունակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Օրինակի համար ես լավ չեմ ճանաչում պարոն Սաղաթելյանին, բայց այդ հավաքների ժամանակ ես մի քանի անգամ մոտեցա ղեկավարությանը եւ ասացի, որ պայքարի մեջ գտնվող գործընկերներին պիտի աջակցենք, պիտի չքննադատենք, բայց եթե մոտեցումների, որոշումների կայացման, կարգախոսների, հարթակի վերաբերյալ դուք խորհուրդ կամ կարծիք ուզում եք, ես պատրաստ եմ»:
Դրանից հետո պարզվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել հարթակ բարձրանալ. «Դա պիտի իրենց հարցնեք: Ես քանի անգամ ներկա եմ եղել ժողովրդի մոտ, զոհված հերոս զինվորների ծնողների մոտ, թե ինչու հարթակի վրա չեմ եղել՝ իրենց հարցրեք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ այս իշխանությունը սովորական դասական քաղաքական ուժ չէ. «Ինքն իրենով տարված, նախորդների դեմ պայքարած, բայց իրենց ամենավատ արատները վերցրած ու բազմապատկած մարդ է, ում ընտանիքը եւ ում գործընկերները պատրաստ չեն դիմադրել եւ անբանական վախ կա: Ես չեմ վախենում քաղաքացի Փաշինյանից, բայց իր ընտանիքը, իր կուսակիցները, պատկան մարմինները, ովքեր վաղը չէ մյուս օր նույնպես պետք է պատասխանատվություն կրեն, այդ անբանական վախը պետք է հաղթահարեն՝ լիազորությունները վայր դնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ