Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր հրապարակած ցուցակի արձագանքների մասին. «Բանաստեղծն իր ստեղծագործությունը չի մեկնում եւ սա շատ ավելի խորն է, քան բանաստեղծությունը»

Օգոստոս 09,2022 16:55

Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ ներկայացրել էր իր մեթոդաբանությունն ու ցուցակը, թե ովքեր կարող են իր պատկերացմամբ լինել Ազգային խորհրդի կազմում՝ Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ սրբազան Գալստանյան…

Այս ցուցակի կազմը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, սոցցանցերում սկսեցին հեգնել ու կազմել սեփական ցուցակները՝ իրենց շրջապատի մարդկանցից կազմված: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասաց, որ սխալ են մեկնաբանում, դա ցուցակ չի եղել, օրինակ է եղել, թե ինչպես կարելի է խցանը հանելուց հետո ժամանակավոր այս անցման շրջանի համար հավասարակշռություն բերել, բեւեռվածությունն ու հայհոյախոսությունը կրճատել:

Հարցին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Համբարձում Մաթեւոսյանի մասնակցությունն ինչո՞վ էր պայմանավորված, չէ՞ որ նրանք Փաշինյանի կառավարության անդամներն են, ինչո՞վ են նրանք աչքի ընկել Հայաստանի շահը սպասարկելու առումով՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես մեկ առ մեկ չպիտի գնահատեմ մարդկանց արժանիքները կամ բաց կողմերը: Ամեն մեկը մարդ է, ամեն մեկն ունի հետագիծ: Դա համալիր ու համապարփակ մեթոդաբանության արդյունք է, եւ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր վերապահումը»:

Մեր հարցին՝ ցուցակը հրապարակելուց հետո Պարույր Հայրիկյանն ասաց, որ արեւմտյան գործիչները սիրում են շոու սարքել ու դրանով էր պայմանավորում Մհեր Գրիգորյանին ու Համբարձում Մաթեւոսյանին ընդգրկելը, Ստյոպա Սաֆարյանն ասում էր, որ ինքը շոկի է ենթարկվել, ձեզ ի՞նչ արձագանքներ են հասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ արձագանքողներին չի արձագանքում. «Ամեն մեկն իր տեսակետի իրավունքն ունի: Մեկն արձագանքում է միգուցե ըստ էության, մյուսը՝ հետաքրքիր լինելու համար, երրորդը՝ իր հատվածական մոտեցումներից ելնելով, չորրորդը՝ երախտամոռությունից դրդված»:

Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում այդ ցուցակը կազմելիս որոշակի չափանիշներ պետք է լինեն, չէ՞, կոնկրետ ի՞նչ չափանիշ եք վերցրել՝ կարդացած գրքերի քանակով, երեխաների քանակով, հարստության չափո՞վ, ինչո՞վ եք առաջնորդվել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, բանաստեղծն իր ստեղծագործությունը չի մեկնում եւ սա շատ ավելի խորն է, քան բանաստեղծությունը, ինքը ամբողջական ստեղծագործություն է ու ով ուզում է հասկանալ դրա տրամաբանությունը՝ ելնելով մեր բեւեռվածության աստիճանից, ելնելով մեր ներհասարակական մարտահրավերներից, մեր ռեալ ներքաղաքական խնդիրներից, թե ինչ է լինելու, երբ վերջապես քարը տրաքի եւ այս խցանը դուրս գա: Սա ընդամենը մի առաջարկ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031