Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը Րաֆֆի Հովհաննիսյանին ասել է՝ «սալամ» ու ասել, որ ուզում է ընդունել թուրքական բանակը Երեւանում ու գյուլլել բոլոր հայերին

Օգոստոս 09,2022 16:15

«Զիջելով համահայկական ուժերով կերտած կյանքի այդ ճանապարհը՝ մեր իսկ մեղսակցությամբ, մեր իսկ ձեռքով, առանց զուգահեռաբար ապահովելու նվազագույնը գազը, հոսանքի մալուխները, առանց մի օր առաջ մտածելու այդ բաների մասին՝ մենք ենթարկում ենք Արցախի Հանրապետությունը կանխավ շրջափակման վտանգին եւ առաջ ենք բերում «Արցախը Ադրբեջանի կազմում» հեռանկարին: Եվ հիմնական էական անվտանգության եւ կենցաղի հիմնախնդիրները Ադրբեջանի իշխանության ձեռքի մեջ են»,- այսօր Հանրապետության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ երեկ որպես մարդ խոցվել է, երբ տաքսիով տուն է գնացել ու տաքսու վարորդը սկսել է թվացյալ ավանդական զրույցներից. «Ասում է, որ ադրբեջանցիներ կան ներսում՝ պարսկական եւ այլ անձնագրերով, ցույց է տալիս, թե ովքեր են այդ թուրքերը, ադրբեջանցիները: Մեկ-երկու բան է ասում, որ վստահություն առաջ բերի: Ինքը հայ է, հարցնում է՝ ըստ միջազգային իրավունքի, Արցախն ո՞ւմ է պատկանում եւ արդյոք հայերը չե՞ն, որ իրենց գլխին սարքեցին այս ամեն ինչը՝ Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան եւ Արցախ: Բարձրանում ենք դեպի Նորք, կամաց-կամաց զուգահեռներ է բերում,թե հայերը իրեն շատ վատ բաներ են արել, թե հայերը նման են գերմանացի ֆաշիստներին, Ալիեւը նման է Ստալինին, որը պատժեց գերմանացի ֆաշիստներին: Նա ասում էր, որ ադրբեջանցին որպես ուժեղ ազգ առաջ պիտի գա, պիտի վերցնի ամբողջ Արցախը եւ բնական է, որ թուրքը պիտի մտնի Երեւան: Բնական է, որ Երեւանը պիտի ընդունի թուրքական բանակը, որովհետեւ ինչպես Արեւմտյան Հայաստանը ու Նախիջեւանը, Արցախը նույնպես պատկանում է թուրք ազգին, Ադրբեջանին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը համարել է, որ դա պարզապես բարդ խոսակցություն է, որը սովորաբար լինում է որեւէ հարեւանի, բարեկամի հետ, բայց պարզվում է՝ ոչ. «Ուղղության ավարտին, երբ հրաժեշտի ժամանակ ինձ ասում է՝ «սալամ», հասկանում եմ, որ ինքը հայերեն խոսող, Հայաստանում սովորած եւ ավարտած ադրբեջանցի է, ով ուզում է ընդունել թուրքական բանակը Երեւանում ու գյուլլել բոլոր հայերին, ովքեր սպանել են իր հորը եւ անարդարացիորեն վերցրել ադրբեջանական հողը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս ամենից հետո հարց է ծագում՝ քանի՞ նման տաքսու վարորդներ կան Հայաստանում, ովքեր Վրաստանի կամ այլ դեսպանատների միջոցով նամակ են ուղարկում Ալիեւին՝ գործ հարուցելով այս կամ այն ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Ճշտեցինք՝ այդքանից հետո տաքսու վարորդին փող տվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Տվեցի հավասար, դրա դիմաց ստացա «սալամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031