Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանց հետ մենք եւ Աղվան Հովսեփյանը կապեր չունենք»․ ովքե՞ր են թեկնածու-բժիշկները

Օգոստոս 09,2022 15:37

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) քննարկեց դատաբժշկական փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ հանձնաժողովի անդամների ներգրավման հարցը։ Դատարանը գրություն է ուղարկելու մասնագիտական հանձնաժողովին, որպեսզի վերջինս ընտրի հանձնաժողովի կազմում ընդգրկվելիք բժիշկներին։

«Երկուական ուռոլոգի, սրտաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի ընտրությունը, կարծում եմ, ողջամտորեն պետք է կատարվի հանձնաժողովի կողմից։ Անձանց ցանկի դեպքում եթե կլինեն բացարկման հիմքեր, ապա պաշտպանական կողմը կհայտարարի վիճարկելու մասին»,-նշեց դատավորը։

Ապա Մնացական Մարտիրոսյանը հարցրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը։

Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը մասնագետների ցանկը լրացնելու հետ կապված հայտարարեց․ «Մենք ամեն դեպքում ունենք թեկնածուներ, որոնց առաջադրելու ենք՝ հետագայում հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ «Իզմիրլյան» եւ «Միքայելյան» կենտրոնների մասնագետներից բացի նկատի ունեմ»։

Դատավորն առաջարկեց այդ անձանց ներկայացնել հանձնաժողովում։ Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց․ «Գրությունը դուք ուղարկելու եք հանձնաժողովին։ Խնդրում եմ մեր մասնագետների անունները ներառել»։ Դատավորը համաձայնեց անունները ներառել գրությունում։

Ապա պաշտպանը հրապարակեց իրենց թեկնածու-մասնագետների անունները․

-Աղաջանովա Ելենա-էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու, «Մուրացան» համալիր։

-Գրաբսկի Արթուր-ՀՀ առողջապահության նախարարության ուռոլոգիայի գծով խորհրդատու։

-Համլետ Հայրապետյան-ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» բ/կ սրտաբանական կլինիկայի ղեկավար։

-Լուսին Թունյան-«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ սրտաբան-գիտական քարտուղար։

-Արշակ Ղազարյան-երկրորդ բուժմիավորման նյարդաբան։

«Այս թեկնածուների հետ մենք եւ Աղվան Հովսեփյանը երբեւէ առնչություն չենք ունեցել, ծանոթներ չենք, բարեկամական կապեր չունենք։ Առաջարկել ենք նրանց՝ հաշվի առնելով ՀՀ-ում նրանց հեղինակությունը»,-հայտարարեց Էրիկ Ալեքսանյանը։

Այս գործով հանրային մեղադրող Գուրգեն Սաֆարյանը նշեց, որ ինքը եւս այս մասնագետներից որեւէ մեկի հետ ծանոթություն չունի։

Ապա Մնացական Մարտիրոսյանը նշեց՝ Համլետ Հայրապետյանը նաեւ իր սրտաբանն է, եւ հանգամանքների բերումով իրեն երկու անգամ ստենդավորում է արել՝ յոթ տարի առաջ․ «Պարտավոր էի տեղեկացնել այս մասին»։

Աղվան Հովսեփյանն այսօրվա նիստին եւս ներկա չէր։ Նա բժիշկների հսկողության ներքո է։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031