Ա1+. «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը մեր իրականություն «ընկավ» 2020թ. պատերազմի ավարտից սկսած, երբ Ադրբեջանն ու Թուրքիան միաբերան հիշեցին Սյունիքի մասին, որը հանկարծ դարձավ Նախիջևանի հետ կապվող չգիտես ինչու միակ ճանապարհը։
Ինչո՞ւ և ինչի՞ համար Սյունիքով անցնող ճանապարհը պետք է տանի դեպի Նախիջևան:
Հարցի տնտեսական կողմը փորձել ենք հասկանալ զրուցելով տնտեսագետի Կարեն Ադոնցի հետ։
Նրա համոզմամբ՝ նախ պետք է դիտարկել թուրք –ադրբեջանական առևտրային ծավալները։ Ադոնցը հիշեցնում է Թուրքիայից դեպի Նախիջևան արդեն իսկ գոյություն ունեցող 7կմ -ոց ցամաքային ճանապարհի մասին, որը բաց է տեղաշարժման համար։ Կա ճանապարհ նաև Կարսից դեպի Թբիլիսի, այնտեղից էլ Նախիջևան։
Կարդացեք նաև
Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցում առավել հետաքրքրված պետք է լինի Ադրբեջանը։ Այսօր Ադրբեջանը ինքնավար մարզ է կարողանում գնալ միայն այլ երկրների տարածքով՝ Իրանի տարածքով՝ երկաթուղով կամ ցամաքային ճանապարհով, Թուրքիայի և Վրաստանի տարածքով՝ օդով և ցամաքով։
Ադոնցի գնահատմամբ՝ այս ճանապարհները նույնական են Թուրքիայի և Ադրբեջանի տենչած Սյունիքով անցնող ճանապարհի հետ՝ տարածություններն են գրեթե նույնը։ Մանավանդ, եթե գործելու է նույն տրանզիտային տրամաբանությունը, ինչը Իրանի և Վրաստանի դեպքում։
Այսպիսով, ըստ մասնագետի, Թուրքիա-Նախիջևան-Հայաստան-Ադրբեջան տրասնպորտային հանգույցի տնտեսական արդյունավետության մասին առանձնապես հնարավոր չէ խոսել, ընդ որում թե՛ մեր, և թե՛ հակառակորդի պարագայում։
Ադոնցի խոսքով, այնուամենայնիվ, ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասով կա որոշակի հաշվարկ, որը կատարել են գերմանացի տնտեսագետները։ Նրանց կանխատեսմամբ՝ Հայաստանն այս գործողությունների արդյունքում մի քանի տարի անց կունենա մոտավորապես 30 տոկոս տնտեսական աճ։
Հարցին՝ վերջապես ի՞նչ են շահում Ադրբեջանն ու Թուրքիան, երբ փաստորեն տնտեսական օգուտներ չկան, նա պատասխանեց, որ Ադրբեջանը Նախիջևան ռազմամթերք տեղափոխելու և Սյունիքով անցնող ճանապարհը միջանցքի տրամաբանությամբ աշխատեցնելու նպատակ ունի, ինչը տնտեսական գործընթացների հետ կապել հնարավոր չեղավ։
Զրուցեց Գառնիկ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: