Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչո՞ւ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»

Օգոստոս 09,2022 14:04

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը անվանի հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու հարցը բարձրացրել է թուրքական խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Կարո Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.

1․Թուրքիայի ժողովուրդների շրջանում հարգանք վայելող Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալո՞ւ եք որևէ նախաձեռնությամբ։

2․Ինչու՞ թույլ չեք տալիս, որպեսզի Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

3․Ձեր նախարարությունը որևէ ծրագիր ունի՞ Արամ Տիգրանի անունը հավերժացնելու համար։

Փայլանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թույլ չի տվել, որ Արամ Տիգրանին իր կտակի համաձայն թաղվի իր նախնիների ծննդավայրում՝ Դիարբեքիրում։

Հայ պատգամավորը նշել է, որ Դիարբեքիրում Արամ Տիգրան անունով բացված կոնսերվատորիայի գործունեությունը նույնպես դադարեցվել է Թուրքիայի իշխանությունների կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի օրոք։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է Սիրիայի  Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղասպանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Արամ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։

Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։

Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի մտերիմ և վստահելի մարդկանցից մեկը:

Մահացել է Աթենքում 2009-ին։ Նա ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031