«Ես վառելու, թալանելու, ջարդելու մոլուցքից զարմանում եմ, կարծես թե ամբողջ պատմության մեջ ամենակարեւոր դրվագը վերջում վառելն է կամ մեկ տարեկան խնձորի ծառը կտրելը»,- Civilnet-ին տված հարցազրույցում ասել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով քննադատված իր պնդմանը, որ եթե մարդիկ հեռանալիս այրեն իրենց տները՝ փոխհատուցում չեն ստանա:
«2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սխալմամբ հանձնվող տարածքների ցանկում հայտնվել էր Չարեքթար գյուղը։ Եվ մինչեւ սխալը, թյուրիմացությունն ուղղեցին՝ մեկ-երկու օր տեւեց, ու այդ ընթացքում գյուղը ամբողջովին թալանվեց, քանդվեց, հրկիզվեց: Էս պահին 200 մլն դրամից ավելի գումար է ներդրվել էդ գյուղի տները նորոգելու, վերականգնելու համար եւ դեռ բավականին շատ գործ կա անելու:
Կամ պատերազմից հետո մեկուկես տարի առաջ՝ էլի այդ հայտարարությունից հետո, կորցրինք Քաշաթաղի շրջանի Բերձորից հարավ ընկած որոշ բնակավայրեր՝ Հունանավան, Մեղրաձոր, Մարաթուկ եւ այլն, եւ հիմա այդ նոր միջանցքի՝ հարավ տեղափոխվելու հետ կապված այդ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս՝ միջանցքի տարածքում: Բայց ամբողջ բնակֆոնդն այդտեղ արդեն ոչնչացված է: Այսինքն, երբ վառում ես բնակարանները, ջնջում ես ամեն ինչ, դու խաչ ես քաշում, որ այդտեղ վերադառնալու ես…Բայց այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ չի բացառվում՝ որոշ ժամանակ անց կրկին վերադառնանք Աղավնո։ Ո՞րն է իմաստը վառելու, ոչնչացնելու, երբ Աղավնոն ինքնին շատ մոտ է լինելու էդ միջանցքին, եւ հնարավոր է, որ որոշ զարգացումների դեպքում կրկին հայտնվի Ադրբեջանի վերահսկողությունից դուրս:
Իմ գլխում չի տեղավորվում այս արհավիրքի պահին, սարսափելի ժամանակաշրջանում, երբ պետք է մարդկանց անվտանգության, արժանապատվության մասին մտածել, քանի որ չի բացառվում, որ կարող է մարդկանց հանդեպ սպառնալիք լինի, եւ տարհանում կազմակերպվի, մեկ այլ տեղ պաշտպանություն կազմակերպվի, մարդիկ մտածում են թալանելու, վառելու մասին: Այս մտածելակերպն ինձ ուղղակի սարսափեցնում է»,-ասաց Խանումյանը:
Կարդացեք նաև
Նա պարզաբանեց, թե ինչու է հենց ինքը գնացել Աղավնո՝ վատ լուրը մարդկանց հայտնելու. «Իսկ ո՞վ պետք է գնար…Այսօր բազմաթիվ քրեական գործեր կան համայնքապետերի վրա հարուցած, որ պատերազմի կամ ֆորս-մաժորի ժամանակ չեն աշխատել քաղպաշտպանության պլանի համաձայն: Համայնքային եւ շրջանային իշխանությունը, երբ վտանգ կա, ունեն քաղպաշտպանության համապատասխան պլան, ըստ որի՝ պետք է բնակչությանը, մշակութային արժեքները տարհանեն, դպրոցը, փաստաթղթերը եւ այլն: Հադրութի տարբեր բնակավայրերի վերաբերյալ տարբեր քրեական գործեր կան։ Թողենք համայնքապետին, շրջանային ղեկավարությանը մենա՞կ՝ թողենք ֆեյսբուքյան հերոսների դե՞մ, մարդկանց խժռեն ու ոչ մեկ պատասխանատվություն չստանձնի՞»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Քարվաճառ, 2020 թվական