«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել էր, որ Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն, եւ ինքն էլ իր ընտանիքով գտնվում է Աղավնո գյուղում:
Aravot.am-ը Սուրեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Հայաստանից եւ Արցախից միացե՞լ են՝ ինքնապաշտպանության իր կոչին, արձագանքներ եղե՞լ են: «Տարբեր արձագանքներ եղել են, բայց այս պահին խնդիրը ոչ թե ինքնապաշտպանությունն է, այլ այն, որ այստեղ մարդիկ գան, եւ գյուղի բնակիչները չլքեն գյուղը»,-ասաց նա:
«Իհարկե, մարդիկ կան, գալիս են ու սպասում ենք, որ էլի կգան: Այն ամենը, ինչ լուրերով ցույց են տալիս, որ իբր մարդիկ համատարած լքում են իրենց բնակարանները՝ իրականում նման բան չկա: Էդ ամենը խուճապ է առաջացնում: Մարդիկ չենք լքում իրենց բնակարանները: Ոմանք գալիս՝ սրտաճմլիկ տեսարաններ են ստեղծում, դիտումներ հավաքելու համար, բայց մարդիկ չեն լքում իրենց բնակարանները։ Թալանի մասին էլ խոսք լինել չի կարող, ոչ ոք չի փախնում, ոչ ոք գողություն չի անում: Մարդիկ իրենց ընտանիքներով այստեղ են: Ու էնպես չէ, որ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում, դրա համար գողություն կամ թալան չեն անում: Մարդիկ ապրում են, իրենք իրենցով ոչ մի թալան չեն անում, ռուս խաղաղապահներն ուժեղացված ծառայություն են իրականացնում»,-հավելեց Սուրեն Պետրոսյանը:
Քանի որ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասել էր, որ չի տեսնում մարդկանց, որոնք ինքնապաշտպանության եւ կազմակերպվելու կոչեր են անում, եւ եթե նույնիսկ ինքնապաշտպանություն կազմակերպվի, արդյունք չի տա, բայց «փորձը փորձանք» չէ, այս մասին էլ մեկնաբանություն խնդրեցինք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահից: «Այդ մարդն ունի իր կարծիքը, իր մոտեցումները, ընդհանրապես ամեն մեկն իր համոզմունքների համաձայն քայլեր է անում»,-ասաց Սուրեն Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ