Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվողի հոգեբանության վախճա՞նը

Օգոստոս 09,2022 13:13

Մեկ շաբաթ առաջ հայկական ֆուտբոլը հայտնվեց այնտեղ, որտեղ երբեք չէր եղել։ Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» և Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» արգելքները կամային հատկանիշների շնորհիվ հաղթահարելուց հետո՝ «Փյունիկը» հայտնվեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, որը պատմական նվաճում էր հայկական ֆուտբոլի համար։ Խաղալով արդեն բարձրակարգ ակումբի դեմ, «Փյունիկը» մեզ ցույց տվեց, որ այս մակարդակում հաջողության հասնելու համար թիմային ոգին և կազմակերպվածությունը բավարար չեն…

Ինչպես բազմիցս նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը. «Այսպիսի թիմերի դեմ խաղերում արդյունք է ապահովում ֆուտբոլիստների բարձր կարգը և արագությունը, որն էլ կապված է մեծ գումարների հետ»։ Այո, «Փյունիկը՞ և հայկական մյուս ակումբները դեռ չեն կարող իրենց թույլ տալ մեծ գումարներ շռայլել, սակայն բազմիցս ականատես ենք եղել, որ մեր թիմերը ի զորու են հաղթել իրենցից ավելի բարձրակարգ թիմերի։

Հեռավոր անցյալում խորանալու փոխարեն՝ կարող ենք օրինակ բերել շաբաթներ առաջ տեղի ունեցած «Փյունիկ»-«Կլուժ» դիմակայությունը։ Երևանում Եղիշե Մելիքյանի սաները կարողացան հավասար պայքար մղել ռումինացիների դեմ, սակայն «Կլուժ» – Նապոկայում Ռումինիայի չեմպիոնը խաղը վերցրել էր իր ձեռքը։ Ամեն ինչ կարող էր հենց այդտեղ էլ վերջանալ, սակայն «Կլուժը» անտեսեց ֆուտբոլի չգրված կանոնը. խաղը տևում է 90+ րոպե, ոչ թե 85։ «Փյունիկը» երկու անգամ պատժեց «Կլուժին» խաղաժամանակի վերջին րոպեներին և արդարացիորեն մարզական բախտը «Փյունիկի» կողմից էր 11 մետրանոց հարվածաշարում։

Լրիվ այլ պատկեր էր «Դյուդելանժի» հետ դիմակայության ընթացքում։ Երևանում իր պահերը չիրացրած և նվազագույն հաշվով պարտված «Փյունիկը» մեկնեց Լյուքսեմբուրգ հաշիվը շտկելու համար։ Մելիքյանը «Դյուդելանժի» հետ պատասխան խաղից առաջ նշեց, որ «Փյունիկը» զայրացած է և ցանկանում է հաղթել։ Միգուցե սպորտային ջղայնությունը ավելի բորբոքվեց դիմակայության երկրորդ բաց թողած գոլից հետո և դրանից հետո՝ զայրացած «Փյունիկը» չորս գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և վճռեց դիմակայության ելքը։

Ոչ այնքան կարևոր են թղթի վրա գրանցած արդյունքները, որքան ֆուտբոլիստների և թիմի մարզական բնավորության փոփոխությունը։ Նռնագույնները երկու դիմակայություններում էլ ունեին բոլոր նախադրյալները հանձնվելու, բայց անկոտրում կամք դրսևորեցին և հասան դրական արդյունքի։ Այս բնավորությունը «Փյունիկի» մոտ նշմարվում էր դեռ նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածում, երբ Մելիքյանի թիմը միավորների մեծ տարբերությամբ զիջում էր առաջատար «Արարատ Արմենիային», սակայն վերջնարդյունքում կարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Սա հայկական ֆուտբոլի ամենացավալի խնդիրներից մեկն է արդեն երկար ժամանակ։ Մեր ակումբները և հավաքականը հիմնականում չեն կարողանում վերադառնալ խաղ՝ բաց թողած գնդակից հետո։ Եթե Մելիքյանի ներդրած բնավորությունը վարակիչ լինի նաև մեր մյուս թիմերի համար, ապա հայ մասնագետը ավելի մեծ ավանդ կունենա մեր ֆուտբոլի զարգացման գործում, քան կարող ենք պատկերացնել։

Կարևոր է նաև այն, որ այս բնավորությամբ վարակվեն նաև հայկական ֆուտբոլի երկրպագուները և հայ ֆուտբոլասերները։ Եթե տրիբունայում նստած երկրպագուն հավատա թիմին և աջակցի, ապա մեր թիմերի կազմում կավելանա 12-երորդ խաղացողը և մենք կունենանք կարևոր առավելություն։

Մեկ շաբաթ առաջ «Ցրվենա Զվեզդային» խելահեղ աջակցություն էին ցուցաբերում ավելի քան 40.000 երկրպագուներ։ Եվ վստահաբար, երկրպագուների ֆակտորը մեծ նշանակություն ունի ժամանակակից ֆուտբոլում։ Այսօր տեղի կունենա պատասխան հանդիպումը։ Գուցե դիմակայության ելքը արդեն վճռված է, սակայն երեկվա մամուլի ասուլիսին Լուկա Յուրիչիչը և Եղիշե Մելիքյանը վստահեցրին, որ թիմը պայքարելու է առաջին րոպեներից սկսած։ «Ցրվենան» եկել է գործը ավարտին հասցնելու, սակայն «Փյունիկին» ոչ ոք չի արգելել Սերբիայի չեմպիոնին խանգարել։ Այսօր ակնկալվում է դժոխային «Հանրապետական» «Ցրվենայի» համար։

Անկախ արդյունքից՝ «Փյունիկը» արդեն մեծ հաջողությունների է հասել, և պայքարը այսօր չի ավարտվելու։ Փյունիկը ունի դեռ երկարատև եվրագավաթային աշուն և պետք է արժանի ֆուտբոլ ցույց տա և պատրաստվի հետագա խմբային փուլին։

 

Լևոն Կիրակոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Երրորդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031