Հուլիսի 21-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել երիտասարդ տղա՝ կրծքավանդակի շրջանում սուր կտրած-ծակած վնասվածքներով, արյունահոսական շոկով, մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակով:
Օրվա հերթապահ բժիշկները՝ վիրաբույժ Արտակ Քալաշյանը, վնասվածքաբան Վահրամ Գրիգորյանը եւ անեսթեզիոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը, ճիշտ կողմնորոշվելով, հիվանդին անմիջապես բարձրացնում են վիրահատարան: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր, տղայի կյանքը «թելից էր կախված»: Բժիշկների հերթապահ խմբին են միանում նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Դավիթ Ազարյանը եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոքորյանը: Հենց վիրահատարանում արդեն մի կողմից բուժական միջոցառումներն էին կատարվում, մյուս կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն իրականացվում:
Վնասվածքները շատ էին՝ կյանքին վտանգ սպառնացող: Վնասված էին թոքերը, ստոծանին, վնասվածքը շարունակվում էր մինչեւ որովայնի խոռոչ: Որովայնահատումից հետո պարզ դարձավ, որ վնասված էր նաեւ հաստ աղիքը, ստամոքսը, բարակ աղիները եւ լյարդը:
Շուրջ 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը, ի պատիվ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների ու ողջ բուժանձնակազմի, անցել է բարեհաջող: Տուժած երիտասարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, գտնվել բուժանձնակազմի հսկողության ու ուշադրության ներքո: Հետո արդեն՝ հիվանդասենյակ:
Կարդացեք նաև
Ի շնորհիվ բժշկական կենտրոնի օրվա հերթապահ խմբի բժիշկների ճիշտ կողմնորոշվելու, այնուհետ արդեն խմբին միացած մյուս բժիշկների ու ողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալ գործողությունների, հնարավոր եղավ փրկել երիտասարդ տղայի կյանքը:
29-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինումով:
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայություն: