Տավուշի մարզ այցելողներին՝ Մ-4 միջպետական ավտոմայրուղու Իջևանի ճանապարհահատվածում ողջունում է մետաղյա «մարդուկը»։
Այն հին պահեստամասերից պատրաստել է իջևանցի ավտոմեխանիկ Արմեն Բադալյանը։ Մայրուղուն կից իր աշխատավայրում էլ մետաղի ջարդոններին նոր շունչ է հաղորդում տեղացիներին քաջածանոթ վարպետը։
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, որ իր մասնագիտությամբ աշխատում է շուրջ 40 տարի։ Դպրոցական տարիներին սովորել է արվեստի դպրոցում, զբաղվել նկարչությամբ, սակայն հետագայում սիրելի զբաղմունքը փոխարինել է ավտոմեխանիկի մասնագիտությամբ։
Տարիների ընթացքում հավաքելով մեքենաների ոչ պիտանի և օգտագործած պահեստամասերը`վարպետը մի օր էլ որոշել է դրանց նոր կյանք հաղորդել։ Իր առաջին աշխատանքն Արմեն Բադալյանն ստեղծել է 3 տարի առաջ․։ Մեր զրուցակցի խոսքով ճանապարհի եզրին տեղադրված մետաղյա մարդուկը գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանն այնքան է սիրվել, որ շատերը մոտենում են՝ հատուկ նրա հետ լուսանկարվելու։
Կարդացեք նաև
Վարպետին ոգևորում է մարդկանց հետաքրքրությունը և սկսում է ստեղծել այլ գործեր։ Հարկ է նշել, որ նրա աշխատանքները չեն տարբերվում արվեստի գործերից և դժվար է կռահել դրանց ծագումնաբանությունը։ Արմեն Բադալյանը նշեց, որ կրեատիվ նվերների սիրահարները արդեն իսկ դիմել են իրեն`փոքրիկ աշխատանքներ գնելու նպատակով։ Նա պատրաստակամ է նաև հրավերի դեպքում մասնակցել ցուցահանդեսների։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ