Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կունենա տեսակով առաջին ու եզակի անասնապահական համալիրը․ ինչպե՞ս եւ ինչո՞ւ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 08,2022 23:15

Հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ։ Այս ամենը եւ ոչ միայն տոհմային կովերի համար է։ Վայոց ձորում գտնվող «Երեմյան Փրոջեքթս»-ի այս ֆերմայում կենդանիների համար ապահովված են կեցության, կերակրման, վերարտադրության անհրաժեշտ բոլոր պայմանները։

Հիգիենայի հարցն այստեղ խիստ է՝ կանոնավոր ախտահանում, ջրամատակարարման ավտոմատ սարքեր, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Մեդիա-այցի ժամանակ հետաքրքրվում ենք՝ իսկ ինչպե՞ս են սնվում այս կովերը։ Աշխատակիցները վստահեցնում են՝ ըստ ճիշտ չափաբաժնի եւ բացառապես  որակյալ կերով։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության արտադրած բարձրորակ կաթի երաշխիքներից մեկը հենց ճիշտ կերակրումն է։ Բարձր սննդարարությամբ կեր ստանալու համար ընկերությունն ունի եզակի հայեցակարգ՝  արտադրությունը սկսել հենց սերմը ցանելուց։ Այսպես, «Երեմյան Փրոջեքթս»-ը Արմավիրի մարզում ձեռք է բերել սեփական հողատարածքներ, որտեղ  մասնագետները ցանում են սերմը, աճեցնում են առվույտ և եգիպտացորեն, ստանում որակյալ ու բարձր սննդարարությամբ կերեր:

 

Որպեսզի սննդային արժեշղթան ամբողջացվի, ընկերությունն Արարատի մարզի Արալեզ համայնքում  հիմնել է կերաղաց, որտեղ եւս այցելեցինք։ Այստեղ մասնագետները տարբեր հատիկային կերերի խառնուրդից ստանում են ճիշտ բալանսավորված համակցված կեր՝ ըստ համապատասխան ռացիոնի։

Այս ամենի շնորհիվ Վայոց ձորում գտնվող ֆերմայի կենդանիներն ապահովված են էկոլոգիապես մաքուր, ճիշտ բաղադրիչներից ընտրված կերով։

Ֆերմայում մասնագետներն ամեն օր հետեւում են կենդանիների առողջական վիճակին ու մթերատվությանը․  կերակրման գործընթացն ավտոմատացված է։ Ամբողջությամբ մեքենայացված է կիթի սրահը։

Առանձնացված սրահից կաթը փակ ցիկլով և 2 հատուկ ֆիլտր անցնելով՝ հոսում է դեպի սառնարան, ապա հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանի «Արցախ» գործարանի կաթի վերամշակման արտադրամաս: Այստեղ կաթն անցնում է լաբորատոր մի շարք հետազոտություններ և անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում: Հենց այս շղթան է սպառողին ապահովում բարձրորակ եւ անվտանգ կաթով, կաթնամթերքով, ինչպես նաեւ՝ մսամթերքով։

Ջերմուկում գտնվող այս ֆերման գործում է 2019թ․-ից՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։ Նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած այս ֆերմայում բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ «ֆլեկվի», «հոլշտեյն», «անգուս» և «ջերսի» տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր:

Հենց այս ֆերմայի հաջողված փորձի հիման վրա եւ սպառողների պահանջարկը հաշվի առնելով՝ «Երեմյան Փրոջեքթս»-ն ընդլայնում է գործունեությունը՝ տեսակով բացառիկ անասնապահական ֆերմայի կառուցման ծրագիր ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում։

Օրերս Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով բանկը ֆինանսավորելու է Հայաստանի համար այս առանցքային ծրագիրը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբն այս ծրագրով Լոռու մարզի Տաշիր համայնքում կկառուցի 29 հեկտար մակերեսով խոշոր անասնապահական համալիր։ Տաշիրում կառուցվելիք համալիրի հիմնարկեքը կայացավ հենց Ջերմուկի ֆերմայում․ ժամանակի պարկուճը տեղադրվեց առաջին քարի բլոկում, որը հետագայում դրվելու է նոր կառուցվող ֆերմայի հիմքում։

 

 

Կառուցվելիք համալիրում կլինեն 1200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների և 580 գլուխ մայրացու խոզերի համար ֆերմաներ, սպանդանոցներ, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման հողատարածքներ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ Եւ այս ամենը՝ համապատասխան  միջազգային բոլոր չափանիշներին:

Նոր կառուցվող համալիրում կենդանիները պահվելու են սանիտարական բոլոր պահանջներին համապատասխան պայմաններում՝ կանոնավոր ախտահանում, ջրամատակարարման ավտոմատ սարքեր, ֆիլտրեր, օդափոխության համակարգ։

 

Սպանդանոցում իրականացվելու է անվտանգ մորթ, խոզերի և խոշոր եղջերավորների համար նախատեսված  առանձին սառնարաններում մսի նախնական սառեցում, որտեղից էլ միսն արդեն կտեղափոխվի գործարան՝ հետագա մշակման համար։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» անասնապահական այս համալիրը կլինի Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։ Անասնապահության ոլորտի այս խոշոր նախագիծը կնպաստի նաև Հայաստանում ֆերմերային տնտեսությունների զարգացմանն ու կատարելագործմանը, կդառնա օրինակելի մոդել՝ այլ տնտեսությունների համար։ «Երեմյան Փրոջեքթս»-ն այս նախագծով մեր երկրի համար նաեւ կարեւորագույն՝ պարենային անվտանգության խնդիր է լուծում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031