Հուլիսի 29-ին և 30-ին Տավուշի և Լոռու մարզերի 60-ից ավելի երեխաներ մասնակցեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրին: Ծրագիրն իրականացվում է «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ’ IBBY Yamada հիմնադրամի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայաստանի Մշակութային Հիմնադրամի աջակցությամբ:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջն. դպրոցի սաները, Աչաջուր համայնքի գրադարանի ընթերցողները և Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Նեղոց գյուղի հիմնական դպրոցի սաները ծրագրի շրջանակներում շրջայց կատարեցին գրադարանում, հանդիպեցին երիտասարդ գրող-նկարազարդողներ Լիլիթ Ալթունյանի և Աննա Ասլանյանի հետ, ով նաև սեղանի ինտելեկտուալ, զարգացնող խաղերի հեղինակ է, մասնակցեցին գրքի ընթերցումների և քննարկումերի, նկարազարդեցին հեքիաթների հերոսների, դիտեցին մուլտֆիլմեր: Ա. Ասլանյանը հանդիպման ավարտին իր հեղինակած խաղերից նվիրեց ճամբարի մասնակից երեխաներին:
Պառավաքարից ժամանած երեխաներն այցելեցին նաև «Անտարես» հրատարակչության տպարան՝ ծանոթանալու գրքի ստեղծման ողջ գործընթացին: Շրջայցի ավարտին հրատարակչությունը դպրոցի գրադարանի համալրման նպատակով գրքեր նվիրեց երեխաներին:
Աչաջրի և Նեղոցի երեխաները ծրագրի շրջանակներում այցելեցին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Անխելք մարդը» ներկայացումը։
Կարդացեք նաև
«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագիրը նպատակ ունի նպաստելու մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես’ սահմանամերձ բնակավայրերում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան