Տխեմալին (տղեմալին) վրացական խոհանոցի շատ հայտնի թանձրուկներից է, որն արտակարգ սազում է ինչպես թռչնամսի կամ խոզի մսի հետ, այնպես էլ՝ բրձնի, մակարոնեղենի, տապակած կարտոֆիլի: Թեեւ խանութներում տխեմալիի բազմաթիվ տեսակներ կան, սակայն այնքան հեշտ է պատրաստելը, եւ հիմա էլ շուկաներում եւ խանութներում տարբեր գույնի, տեսակի եւ որակի սալորներն այնքան շատ են, որ կարելի է պատրաստել տանը եւ վայելել: Առաջարկում եմ շատ համեղ եւ շատ հեշտ պատրաստվող մի բաղադրատոմս:
Անհրաժեշտ մթերքները
Դեղին կամ կարմիր մանր սալոր (շլոր)-3-4 կգ
Ջուր-1 բաժակ
Կարդացեք նաև
Չորացրած սամիթ-2-3 ճաշի գդալ
Սխտոր- 4-5 խճեղ
Աղ, աղացած կարմիր պղպեղ- ըստ ճաշակի՝ մոտավորապես 1-1,5 ճաշի գդալ
Խմելի սունելի կամ ուցխո սունելի-ըստ ճաշակի (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը
Սալորները լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը, դնել կրակին, թողել եփվի 10-15 րոպե: Անջատել, թողնել սառչի: Անցկացնել մաղով, որպեսզի ազատվենք կորիզներից եւ կեղեւից: Ավելացնել քերած սխտորը եւ մյուս համեմունքները, լավ խառնել եւ դնել շատ մարմանդ կրակին: Պարբերաբար խառնելով՝ թողնել եփվի, մինչեւ կիսով չափ գոլորշիանա եւ բավականին խտանա, գույնը փոխվի: Անմիջապես լցնել շատ լավ լվացած տարաների մեջ եւ ամուր փակել: Երբ սառչի՝ տեղափոխեք ավելի զով եւ մութ տեղ՝ նկուղ կամ մառան: Մանրամասները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ