Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է․ Արտակ Բեգլարյան

Օգոստոս 07,2022 18:51

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝
1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության։

2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում։

3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը։

4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը։ Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝

Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,

Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,

Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,

Դ) Արցախի մեկուսացման խորացում,

Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,

Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,

Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,

Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,

Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում։

5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝

Ա) կայուն անվտանգություն,
Բ) աճող ժողովրդագրություն,
Գ) զարգացող տնտեսություն,
Դ) որակյալ կրթություն,
Ե) արդյունավետ կառավարում,
Զ) ազգային գաղափարախոսություն,
Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ։

6. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.

7. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:
Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031