Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Հայաստանի ազգային հավաքականը այսօր իններորդ տուրում խաղալու է Ուզբեկստանի ընտրանու հետ: Մեդալի համար պայքարող մեր թիմի ավագ Արման Փաշիկյանը, թերեւս, գտել է կազմի լավագույն տարբերակը, որը 4-րդ տուրից ի վեր հաջող է հանդես գալիս մրցակիցների դեմ: Այսօր էլ ըստ խաղատախտակների հաջորդականության պայքարի մեջ կներգրավվեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մեր կանանց հավաքականի այսօրվա մրցակիցը Ռումինիան է, որի հետ խաղում ավագ Զավեն Անդրիասյանը հանգստանալու հնարավորություն է տվել Լիլիթ Մկրտչյանին: Խաղատախտակի շուրջ կնստեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ