Գյումրու դրամատիկական թատրունում այսօր տեղի է ունեցել «Ղողանջ մայրության» խորագրով միջոցառում` նվիրված 2020 թվականի պատերազմում որդի կորցրած և նորից մայրացած, հերոսածին կանանց։
Արցախյան վերջին պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի մոր` «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանի ջանքերով կազմակերպած միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը. «Անչափ դժվար է խոսել, ոգեկոչել և քաջալերել, բայց կարծում եմ` այսօր մենք մեկմեկու կարիքն ունենք, որովհետև ասում են` ժամանակը վերքերն ամոքում է, բայց կան վերքեր, որոնք մշտապես արնահոսում են։ Վերջին շրջանում, երբ հնչում է մեր երկրի հիմնը, ես անկախ ինձանից արտասվում եմ, մեկ պատճառ կա` ես գիտեմ, որ մեր եռագույնը ծածանվում է, մեր զինանշանը փայլատակում է և հիմնը հնչում է մեր նահատակված տղաների կյանքի գնով։ Ցավոք սրտի, մեր ազգը միշտ է նման ճակատագիր ունեցել, արյան գնով գրել ենք մեր պատմությունը, մեր սրբադասված հերոսների անունով շարունակել ենք մեր մաքառումները, այսօրն էլ բացսռություն չէ։ Ես առավել քան վստահ եմ, որ 2020 թվականի սարսափելի իրադարձությունները անմասն չեն թողել որևէ մեկին, ցավոք, սուգը, վիշտը համազգային էր, այնպես որ մենք բախտակից ենք, բայց մեզ վիճակված է շարունակելու և գալիք սերունդներին պատգամելու այն հերոսապատումները, որոնք կերտել են մեր քաջ հայորդիները։ Ինձ համար անկախ կոչումներից, պարգևներից, մեկ հստակ հանգամանք կա` ցանկացած հայորդի, ով ընկել է մարտի դաշտում` հերոս է և մեր հերոսների հիշատակը վառ է, քանի դեռ նրանք մեր մտքերում են, մեր գիտակցության մեջ են և քանի դեռ մենք ամեն օր, ամեն ժամ հիշում ենք նրանց սխրանքները։ Մեզ պետք է բռունցքվել, համախմբվել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Փառք մեր հերոս տղաներին և հարգանք ու խոնարհում բոլոր ծնողներին, հարազատներին»։
Ամենաթանկը` կյանքը զոհաբերած հերոսների նոր մայրացած հերոս մայրերը` Լուսինե Արսենյանը, Մերի Մկրտչյանը, Ստելլա Բաղդադարյանը, Օվսաննա Հարությունյանը, Նարինե Պողոսյանը, Աշխեն Ավետիսյանը, պարգևատրվել են Պաշտպանության նախարարության պատվոգրերով։ Խորհրդանշական նվերներ է հանձնել նաև «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանը։
Կարդացեք նաև
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ