Լրագրող Նաիրի Հոխիկյանը երեկ համացանցում գրառում էր կատարել, թե Աղավնոյում թալան է սկսվել, որ գյուղից իրեն ահազանգում են, թե ինչ-որ չինովնիկներ արդեն մտել են գյուղի տարածք եւ գործի անցել: Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ահազանգ ստացել էր նաեւ Սոֆյա Հովսեփյանը եւ նույնպես հրապարակել: «Ծառեր են կտրում, բորենու նման լափում մարդկանց ունեցվածքը»,- գրել էր Հոխիկյանը եւ հավելել, որ թալանի դեպքերի մասին ինքը հեռախոսազրույցով հաստատում է ստացել նաեւ Աղավնոյի գյուղապետից:
Ավելի ուշ Նաիրի Հոխիկյանը մի նոր գրառում էր կատարել, որով տեղեկացնում էր, որ գործին միջամտել է Արցախի ոստիկանությունը եւ հայտարարել, թե ինքը եւ Սոֆյա Հովսեփյանը ստում են, որ Արցախի խորհրդարանի ինչ-որ պատգամավոր հատուկ անդրադարձ է անում իրեն եւ մեղադրանքներ հնչեցնում, «իսկ այն մարդիկ, որոնք իրեն զանգել եւ պատմել են թալանի մասին, հանկարծ լռել են կամ լռեցվել»:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ես Աղավնոյում եմ, Նաիրի՝ դու չէ, ո՞ւր է թալանողը, չեմ գտնում որ ականջները քոքահան անեմ, եթե չկա նման երևույթ, ինչու եք ստում, առանց այն էլ ժողովուրդը հիստերիայի մեջ է կորստի ցավից»:
Aravot.am-ը հեռախոսով կապ հաստատեց Նաիրի Հոխիկյանի հետ եւ խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: Նա վերահաստատեց, որ իր տեղեկության աղբյուրը Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն է եւ տեղի բնակիչները, որոնց ճանաչում է եւ հեռախոսազրույցի ժամանակ էլ ճանաչել է, թե ով է ահազանգողը: «Գյուղապետը չի հերքում թալանի դեպքերը: Ուղղակի Արցախի խորհրդարանի Կարեն անունով մի պատգամավոր կա, որի ազգանունը չեն հիշում ու համենայն դեպս ընդդիմադիր չէ, նա է ակտիվ կերպով զբաղվում հերքելով եւ հրապարակումներ է արել: Ոստիկանությունը երեկ հետքերով գնացել է Աղավնո: Մի քանի անգամ խոսել եմ գյուղապետի հետ: Ասում է, որ ոստիկանությունը տեղում է: Կարող եմ ասել, որ մեր հրապարակումներն արդյունք ունեցել են այն առումով, որ եթե ոստիկանությունը գնացել եւ ուշադրության կենտրոնում է պահում, նշանակում է՝ հնարավոր է դարձել կանխել հանցագործությունը: Իսկ թե ինչի համար են որոշ խմբավորումներ այդպես ակտիվ իրենց լրատվամիջոցները, պետական քարոզչամեքենան օգտագործում հերքելու համար, դա հարցի մյուս կողմն է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը:
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ, որոնք սկզբում ահազանգել են իրեն, հիմա լռում են, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց. «Ստացված տեղեկության իմ աղբյուրները ես չեմ թաքցնում: Այո, այն մարդիկ, որոնք ինֆորմացիան տալիս էին, հետո սկսեցին կողմ քաշվել, թե մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Բայց թալանի մասին առաջիններից մեկը, որ ասել է՝ գյուղապետն է եղել: Նա իր խոսքից չի հրաժարվել ու հիմա էլ չի հերքում: Իսկ թե ինչու են գյուղացիները հետո հետ կանգնել, կարող եմ միայն ենթադրել, որովհետեւ ես հիմա այնտեղ չեմ: Ինձ թվում է՝ գործ ունենք սովորական մարդկային գործոնի հետ: Գուցե, վախեցրել են: Այդ մարդիկ հիմա ծանր վիճակում են եւ պետք է իրենց տներից հեռանան: Հնարավոր է՝ ամեն մեկը ինչ-որ բանի կարիք ունի, մեկը՝ վարձով բնակարանի, մյուսը՝ բեռնատարի… Գուցե ամեն մեկին մի բան խոստացել են: Սրանք տարբերակներ են, որոնցով, չի բացառվում, մարդկանց վրա ազդած լինեն: Բայց, կրկնում եմ, սրանք զուտ ենթադրություններ են»,-ասաց նա:
Մենք փորձեցինք մեկնաբանում ստանալ նաեւ Սոֆյա Հովսեփյանից, սակայն նա անհասանելի էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ