Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային քաղաքական գործիչները՝ Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակման մասին

Օգոստոս 06,2022 10:50

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։

«Ես ապշած եմ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից և, մասնավորապես, օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ և հյուսիս-արևմտյան հատվածում սկսված ռազմական գործողությունից։ Ինչպես ընդունել է Ադրբեջանի ՊՆ-ն, նրա գործողությունը ներառել է ԱԹՍ-ների հարվածներ և արդյունքում գրավվել են մի շարք նոր դիրքեր շփման գծից այն կողմ։ Ես ցավում եմ երկու կողմերի մարդկային կորուստների համար և կոչ եմ անում՝ անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Կոչ եմ անում բոլոր դերակատարներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և շեշտում, որ բոլոր զորամիավորումները պետք է նահանջեն իրենց դիրքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և հիմքեր դնելու խաղաղ ու բարգավաճ տարածաշրջանի համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ խուսափել ցանկացած գործողությունից, որը խաթարում է վստահությունը և սպառնում բանակցություններին այս վճռորոշ պահին»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն Թվիթերում գրառում է կատարել՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։

«Արցախի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում են։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր դիվանագիտական ​​գործիքները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»։

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ֆեյսբուքում գրել է․

«Ֆրանսիան և Եվրոպան հերթական անգամ նախընտրել են երկրորդ պլան մղել Արցախի հակամարտությունը՝ Ադրբեջանի հետ գազի շուրջ բանակցությունների ֆոնին:

Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին ներխուժել այդ հողեր և սպանել հայերին։ Ցավոք սրտի, այս ողբերգությունները կարելի էր սպասել: Խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031