Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային միասնության խոչընդոտները

Օգոստոս 06,2022 10:00

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել երկու ելույթներով՝ մեկը «Հ1»-ով, երկրորդը՝ Ֆեյսբուքով: Վերջինիս հիմնական թեզը հետեւյալն է. իշխանությունն Արցախի հարցում զիջումներ է անում, որովհետեւ… դրա մասին է խոսում ընդդիմությունը: Այսինքն՝ եթե ընդդիմադիրները չխոսեին Բերձորը եւ Աղավնոն հանձնելու մասին, դա չէր հասնի Ալիեւի ականջին, նրա մտքով չէր անցնի պահանջել Լաչինի միջանցքի հանձնումը, եւ մեր իշխանությունը ստիպված չէր լինի այդ զիջումը կատարել: Հետեւաբար, եզրակացնում է դեսպանը, ներկա ընդդիմությունը եւ Ադրբեջանի իշխանությունը աշխատում են համագործակցված: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ աշխարհն ապրում է այնպիսի մի դարաշրջանում, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքան են, մասնավորապես, քաղաքական գործիչների ասածները համատեղելի սովորական բանականության կամ ձեւական տրամաբանության հետ: Կարեւոր է, թե որքանով այդ ասածներն ընդունելի լայն զանգվածների համար: Դեսպանի եզրահանգումներին Հայաստանում հավատում են հարյուր հազարավոր մարդիկ, եւ, հետեւաբար, ինչպես ասում են, «հալալ է»:

«Հ1»-ում Էդմոն Մարուքյանի ասածի հիմնական թեզն ազգային միասնությունն է, եւ դա իսկապես կարեւոր օրակարգային հարց է: Բայց 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության քաղաքականությունն ուղղված է ոչ թե ազգային միասնությանը, այլ ազգային պառակտմանը: Այն իշխանությունը, որը, օրինակ, պատրաստ էր համազգային հանրաքվե անցկացնել՝ ՍԴ նախագահին փոխելու համար, դժվար թե անկեղծորեն կողմնակից լինի ազգային միասնությանը: Երբ իշխանական քարոզչությունն ուղղված է բացառապես «նախկինների» կամ ընդդիմադիրների դեմ, բայց չի պարունակում որեւէ դրական ծրագիր, ապա այդ տեսլականի բացակայության պայմաններում ինչի՞ շուրջ է հնարավոր համախմբել: Սփյուռքահայերին Հայաստան չթողնելով, ընդդիմադիրներին ազատազրկելով, դժվար է հասնել ազգային միասնության:

Ինչ խոսք, ատելությունն ու թշնամանքին նպաստում է նաեւ ընդդիմությունը, եւ այդ առումով նրանք իրար փոխլրացնում են: Եթե մեր հիմնական քաղաքական խաղացողները փոխեն իրենց վարքագիծը, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ազգային միասնության մասին:

…Ես հիշում եմ, որ հատուկ հանձնարարություններով դեսպան էր նաեւ Դավիթ Շահնազարյանը: Բայց նա, ինչպես եւ բոլոր մնացած դեսպանները, զբաղվում էր բանակցություններով, դիվանագիտությամբ, ոչ թե քարոզում էր հանուն իշխանության եւ ընդդեմ ընդդիմության:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Պարոն Աբրահամյան սրանք չկայացած մարդկանց իշխանություն են։ Բոլորին մի պոզուպոչ կպցնում են։
    Անգամ Լևոն Արոնյանին ու Հենրիկ Մխիթարյանին վանեցին։
    Ռուսահայ օլիգարխներին Աբրահամյան, Վարդանյան, Կարապետյան էլի վանեցին։

    ՈՒ էնքան մեծամիտ են, որ արդեն 100վոր տարիներ հետ են գնում ու ընդեղ էլի բոլորին մի պոչուպոչ կպցնում են։

  2. Aha says:

    To continue on the editor’s point on further escalating inner divisions remember the Yuri Khachaturov (with the recorded conversation), Mikael Harutyunyan, Seyran Ohanyan, Armen Gevorgyan cases. I’m putting aside the cases against former presidents Kocharyan and Sargsyan (as if it helped us prior to the war). Beyond me how the Armenian people don’t see the true colours of panjuni-ism and kaj-nazar-ism in this administration.

  3. Լավատես says:

    Ռոբոտների մասին կինո կա, որտեղ լավ՝ մարդկանց ծառայող ռոբոտները բոլորը միաժամանակ կարմրում են ու սկսում են մարդկանց վնասել, պարզվում է, դրանց ղեկավարող արհեստական բանականության ծրագիրը մեկ էլ խփնվում է եւ որոշում է, որ իրենք էլ ոչ մի պարտականություններ չունեն մարդկանց առջեւ եւ հերիք եղավ, բոլ եղավ ժողովրդին ծառայեն, ինչքան էլ ժողովուրդն է նրանց ստեղծել ու ընտրել, որ իրեն ծառայեն: Այսօր բոլոր երկրների ռոբոտ ղեկավարները միաժամանակ կարմրել են, ավելի խորամանկները թաքցնում են իրենց կարմրությունը, անմեղսունակները հակառակը ամեն կերպ ցույց են տալիս իրենց հակաժողովրդական էությունը: Այդ կինոն լավ է վերջանում, այդ խփնված արհեստական բանականության ծրագիրը ժողովրդի լավագույնները վնասազերծում են եւ այլասերված ռոբոտ պետական ծառայողները նորմալանում են եւ նորից սկսում են ծառայել ժողովրդին: Ո՛չ ռոբոտներն են վատը, ո՛չ էլ արհեստական բանականությունը, դրանք ընդամենը տեխնոլոգիաներ են, որոնք մեր ապագան են, պարզապես այդ նորագույն տեխնոլոգիաները աննորմալ այլասերվածների ձեռքում են, որոնք թույլ չեն տալիս նորմալ մարդկանց նույնպես զարգանան եւ օգտվեն այդ տեխնոլոգիաներից: Հայեր, մեր փրկությունը նոր տեխնոլոգիաների արարման եւ երկակի նշանակության օգտագործման մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031