ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը ԶԼՄ-ների հարցին.
Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել էր լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու:
Լրագրողը մեջբերել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունն, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:
Կարդացեք նաև
Սրան ի պատասխան Լավրովն ասել է. «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»: