«Ազատություն»․ Թեև դեպի Արցախ տանող նոր ավտոճանապարհին զուգահեռ հայկական կողմն անցկացնում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ և կապի մալուխ, սակայն չի հասցնի այդ աշխատանքները ավարտել օգոստոսի 25-ին, երբ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնվելու են ադրբեջանցիներին։
Ուստի, մինչև նոր ճանապարհի կառուցումը, այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումը և դեպի Լեռնային Ղարաբաղ էլեկտրականության, կապի նոր գծերի ու գազամուղի անցկացումը, գործող գծերի ու գազամուղի զգալի հատվածներ տևական ժամանակ մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Այս մասին պարզ դարձավ այսօր՝ Հայաստանի, Արցախի պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցների արդյունքում։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն այսօր Աղավնոյում «Ազատությանը» մանրամասներ հայտնեց. – «Զուգահեռ կոմունիկացիաներ էլ են կառուցվում, մասնավորապես, բարձրավոլտ էլեկտրագիծ, կապի գիծ և այսպես շարունակ»:
Կարդացեք նաև
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ կհասցնե՞ն մինչև նոր ճանապարհին անցնելը կոմունիկացիաների անվտանգության հարցը լուծել, նախարարը նշեց. «20 օրում չի հասցվի, բայց զուգահեռ աշխատանքներ տարվում են, որ հայաստանյան հատվածի ճանապարհահատվածը վերջանալուն պես այդ կոմունիկացիները նույնպես պատրաստ լինեն»:
Դիտարկմանն էլ՝ այսինքն՝ հնարավոր է որոշակի ժամանակահատված կոմունիկացիաները մնան ադրբեջանցիների վերահսկողության տակ, Խանումյանն արձագանքեց. – «Որոշ հատվածներ հիմա էլ են իրանց վերահսկողության տակ, էդ նույն օդային գիծը, գազատարը, մինչև այսօր էլ տարբեր հատվածներ անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով»:
Ինչո՞ւ ավելի վաղ չէր մեկնարկել դեպի Արցախ գնացող հոսանքի, կապի նոր գծերի ու գազամուղի շինարարությունը
Ինչպե՞ս ստացվեց, որ հայկական կողմը հերթական անգամ կանգնեց փաստի առջև, ինչո՞ւ ավելի վաղ չէր մեկնարկել դեպի Արցախ գնացող հոսանքի, կապի նոր գծերի ու գազամուղի շինարարությունը։ Փաստորեն նույնը տեղի ունեցավ Գորիս-Կապան ավտոճանապարհի դեպքում, երբ ադրբեջանական կողմին անցավ մայրուղու մի մասը, որից հետո հայկական կողմը սկսեց նոր ճանապարհի կառուցումը։
Այս հարցերն ուղղեցինք Հայաստանի կառավարությանը։ Տարածքային կառավարման նախարարությունից արձագանքեցին, թե այս պահին կառուցվում է Արցախ տանող նոր ճանապարհը, հընթացս աշխատանքներ կիրականացվեն նաև մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ՝ առանց այլ մանրամասների։
Հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան երեք՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Մտս» և «Յուքոմ» ընկերություններից «Ազատության» հարցերին այսօր պատասխանեցին վերջին երկուսը։ «Յուքոմ»-ի փոխանցմամբ, դեպի Արցախ տանող նոր ավտոճանապարհին ընկերության բաժանորդների կապը ապահովելու համար Հայաստանի տարածքում կներդրվի անհրաժեշտ ենթակառուցվածք։ «Վիվա-Մտս»-ից արձագանքեցին, թե նշված տարածաշրջանում չունեն ենթակառուցվածք և այդ ուղղությամբ մալուխի անցկացումը աննպատակահարմար է։
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տիգրան ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազատության» կայքում