ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Սույն թվականի օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում»։
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Բերձորի բնակիչների հետ հանդիպմանը զգուշացրել է, որ առաջիկայում ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից տեղափոխվելու են նոր միջանցք: Որպես ժամկետ Հայկ Խանումյանը նշել է օգոստոսի 25-ը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Նրա փոխանցմամբ՝ պահանջ չի ներկայացվել, որ դուրս գան Բերձորից, ընդամենը ներկայացվել է իրավիճակը.
«Մինչ այս միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ էր, նրանք էլ դեմ չէին, որ այնտեղ բնակչություն լիներ, մեզ հասած տեղեկություններով՝ խաղաղապահները տեղափոխվելու են նոր միջանցք: Պետությունը պարտավոր է նման դեպքերում իրականացնել անձի կամ ընտանիքի անվտանգության ապահովում ու տարհանում ավելի անվտանգ տեղ: Յուրաքանչյուր մարդ մտածում է՝ ինչ անեմ, քանի որ մեր անվտանգության երաշխավորը եղել է ռուս խաղաղապահը, բայց նա հեռանում է: Ես, որպես համայնքի ղեկավար, առաջիկայում կունենամ որոշակի պատկերացում մեր բնակչության որոշումների մասին և ըստ դրա ՝ քայլերի հերթականությամբ կորոշենք հետագա անելիքները»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Այսօր Բերձորի բնակիչները ակցիա են արել՝ իրենց բռնի տեղահանելու որոշման դեմ: Քաղաքապետի խոսքով՝ սա էմոցիոնալ բողոքի արտահայտման ձև էր. «Կա բնակչությանը ներկայացված տեղեկություն, բնակչությունը հիմա փորձում է մարսել այդ ինֆորմացիան, այս պահին էմոցիաները խանգարելու են ճիշտ որոշում կայացնելու , առաջիկա օրերին բնակիչները կկայացնեն իրենց որոշումը»,-ասաց քաղաքապետը: