«Աբսուրդային է հատկապես այն, որ հակամարտության ամբողջ ընթացքում ահաբեկչական խմբավորումներ ներգրավված միջազգային հանրությանը հայտնի պետությունը՝ Ադրբեջանը, Արցախի Հանրապետության դեմ հայտարարում է «հակաահաբեկչական օպերացիա», որի օրակարգ է հայտարարում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինաթափումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում ռազմական իրավիճակի էսկալացիային:
Ըստ մեր զրուցակցի, օգոստոսի 1-3-ը տևած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հերթական էսկալացիային օգոստոսի 4-5-ին հաջորդել է լարվածության պայմաններում հարաբերականորեն կայուն իրավիճակ : «Արձանագրման ենթակա իրողություններն են. էսկալացիայի այս փուլում Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, դրա հետևանքով Արցախի Հանրապետության ՊԲ-ն ունի 2 զոհ և 19 վիրավոր: Ադրբեջանի կողմից առկա են հրադադարի եռակողմ պայմանավորվածության բազմակի, պարբերական և կոպիտ խախտումներ, որոնք հակամարտությունը շարունակում են պահել «սողացող հակամարտության» կարգավիճակում: Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ շարունակում է ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված շարունակական քաղաքականություն, կատարում է ահաբեկչական գործողություններ, իր նպատակին հասնելու համար կիրառում է սպառնալիքների, նախապայմանների քաղաքականություն»,- գնահատելով իրավիճակն ասաց մեր զրուցակիցը:
Նելլի Բաղդասարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի վրա ներազդման հնարավորությունները շարունակում են առանցքային խնդիր մնալ. «Միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը պատասխանատվության մեխանիզմներ չի սահմանում: Ըստ այդմ՝ Ադրբեջանի ագրեսիան փաստող միջազգային արձագանքները շարունակում են դեկլարատիվ լինել: Ադրբեջանա-ղարաբաղյան սողացող հակամարտության պայմաններում մշտապես ագրեսորի դերում գտնվող Ադրբեջանին չի մտահոգում իր ագրեսորության փաստը»:
Ադրբեջանի վրա ներազդման հնարավորություն, ըստ մեր զրուցակցի, կարող է լինել միջազգային կառույցների հասցեական քաղաքական պահվածքը, քանի որ համահարթեցնող հայտարարությունները գործնականում խնդիր չեն լուծում. «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միասնական աշխատանքն այսօր սառեցված է, դա չի նշանակում, որ համանախագահող պետությունները չեն կարող կիրառել իրենց ազդեցության հնարավորություններն առանձին ձևաչափով: Օրինակ՝ ԱՄՆ դեպքում դա կարող է դրսևորվել Ադրբեջանին տրամադրվող աջակցությունների դադարեցման եղանակով»:
Կարդացեք նաև
Խոսելով լարվածության աճի այս փուլում բավարար միջազգային արձագանքի մասին էլ, ԱՀ նախագահի խորհրդականն ասաց. «Մենք իրատեսորեն ենք գնահատում այս փուլի իրողությունները. հստակ է, որ միջազգային հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում, թերևս դրանով պայմանավորված ոչ բավարար արձագանքներ ունեցանք օգոստոսի 1-3-ը՝ էսկալացիայի թեժ փուլում: Այդ ամենով հանդերձ, ակնկալում ենք, որ միջազգային արձագանքները կամրապնդեն իրավիճակի կայունացման միտումները. մասնավորապես՝ օգոստոսի 4-ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ քննարկված հարցերից մեկը վերաբերում էր «Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ընդգծվել է եռակողմ պայմանավորվածության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»։ Օգոստոսի 4-ին ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ընդգծվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»: Օգոստոսի 3-4-ին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցներ ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Նույն օրն արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: ԵԽ նախագահը քննարկումներ ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Փաստ է, որ Արցախը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոն է և այս փուլում որևէ գործընթաց չի շրջանցում և չի շրջանցելու մեզ: Այս ֆոնին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարիք ունի դիվանագիտական պրեվենտիվ գործիքակազմի: Միջազգային հանրության պոստֆակտում արձագանքները արդյունավետության բարձր գործակից չունեն»:
Դիտարկմանը՝ որևէ երաշխիք կա՞, որ Ադրբեջանը ինչ-որ մի պահից սկսած վերջ կտա իր սադրիչ գործողություններին կամ ո՞ր դեպքում դա կարող է լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանի սադրիչ պահվածքը զսպող միջոց և իրավիճակից բխող լուծում կարող է լինել խաղաղապահ զորակազմի դիմակայման մեխանիզմների ներդրումը, ինչը ենթադրում է խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման, անհրաժեշտության դեպքում խաղաղապահի կրակելու հնարավորություն: Բացի դրանից, դեռևս 2022 թ. մարտի 25-ին ԱՀ նախագահի նախագահությամբ Անվտանգության խորհրդի նիստը պաշտոնական գրությամբ դիմել էր ՌԴ նախագահին՝ առաջարկելով ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և, համապատասխանաբար,ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։
Կարծում եմ, սա հնարավոր է իրականացնել, առայժմ այն ընթացակարգով, որով ներդրվել է խաղաղապահությունը. ՌԴ նախագահի որոշում և ՌԴ Դաշնային խորհրդի կողմից հաստատում: Ի դեպ, այսօր ՌԴ ԱԳՆ Լավրովը նշել է, որ «պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ