Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օգոստոսի 23-ին ռուս խաղաղապահը գնում է, թուրքը ամսի 25-ին մտնելու է. Բերձորի բնակիչ

Օգոստոս 05,2022 19:50

Լաչինի միջանցքն այսօր  փակած Բերձորի բնակիչները որեւէ հուսադրող պատասխան չեն ստացել Արցախի իշխանություններից: Ճանապարհ փակած Բերձորի բնակիչներից է նաեւ Սաթիկ Ասատրյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց հետ հանդիպման է եկել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Սրանից մի քանի օր առաջ Արցախի կառավարությունը ժողով է արել ու մեր ղեկավարությանը տեղյակ պահել, թե ձեր ժողովրդին ասեք, որ մինչեւ այս ամսվա վերջ Բերձորը պետք է ազատեն: Մենք  խառնվեցինք իրար, քյասիբ ժողովուրդ են, ուր գնան: Խառնվել ենք իրար, պահանջել , որ կառավարությունից մարդ գա, մեզ բացատրություն տա. Ո՞նց թե՝ ազատեք Բերձորը: Այսօր Ստեփանակերտից եկել է Հայկ Խանումյանը ու մեզ ասել, թե մինչեւ ամսի 25-ը պետք է դուրս գաք, հիմա ասեք՝ ով որտեղ է ուզում Ղարաբաղում ապրի: Ես 22 տարի Բերձորում եմ ապրել, մարդ կա ավելի շատ՝ 30 տարի, տունուտեղ է դրել: Հայկ Խանումյանից հարցնում ենք ՝ ինչքանո՞վ եք երաշխավորում, որ գնանք Ղարաբաղի մեկ այլ բնակավայրում ապրենք, երրորդ անգամ մեզ տեղից-տեղ չեք անի: Ասաց՝ պատկերացրեք, որ երաշխիք չկա, շատ հնարավոր է, որ մի երկու տարի ապրեք, մի օր էլ այնտեղից դուրս գաք: Բայց գիտեք, ամեն անգամ ինչ ստրես ենք տանում, ամեն անգամ, որ ասում եք դուրս եկեք, ոնց անենք: Մենք ասացինք, դե որ այդպես է, էլ Ղարաբաղում չենք ուզում ապրել, օգնեք Հայաստան տեղափոխվենք, բայց իրենք պնդում են՝ միայն Ղարաբաղ: Է, մենք էլ չենք ուզում Ղարաբաղ, վախենում ենք »,- հանդիպումից մանրամասներ պատմեց Սաթիկ Ասատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկ Խանումյանի հետ հանդիպման ժամանակ եղել են բնակիչներ, որ ասել են, թե չեն պատրաստվում դուրս գալ Բերձորից, եթե դուրս չգան, ինչ է լինելու,  ի պատասխան՝ Հայկ Խանումյանն ասել է. «Ամսի 23-ին ռուս խաղաղապահը այստեղից գնում է, թուրքը ամսի 25-ին մտնելու է, մնում եք՝ ինչ անեք:  Մենք նաեւ ասացինք՝ ո՞նց է դուրս գալիս ռուս խաղաղապահը, պայմանագիր գոյություն ունի, ժամկետ գոյություն ունի, ո՞նց է լքում: Փաշինյանը նստել էր, ասում էր, որ Բերձորի  ճանապարհը մնում է Հայաստան-Ղարաբաղ կապող, ռուս խաղաղապահն էլ հսկելու է, մենք ժամանակ ունենք: Հիմա ասում են՝ Ադրբեջանն ասել է՝ ես ամսի 25-ին մտնելու եմ Լաչին, էս ժողովրդին հանում եք, հանեք, չէ, կմնան: Բա ի՞նչ փոխվեց, ոչ մի բան չենք հասկանում: Հայկ Խանումյանին հարց ենք տվել՝ ո՞նց է լինում, որ Ղարաբաղը մաս-մաս տալիս եք Ադրբեջանին: Ալիեւն ինչ ասում է, անո՞ւմ եք: Ալիեւն ասել է, մի օր Ստեփանակերտն էլ ենք վերցնելու, մի օր էդ է՞լ է վերցնելու, բա հետո այս ժողովրդի ճակատագիրը ոնց եք որոշելու: Իմիջիայլոց, ղարաբաղցիներն էլ բողոքում են, ասում են՝ Լաչինի միջանցքը եթե տաք, մենք ստեղ չենք մնա: Ոչ մեկ չի պատկերացնում մեր վիճակը, թուրքի մեջ ապրել ենք, ամբողջ օրը եկել, գնացել են կալոնաներով:  Ձեռքերով ցույց տվել, որ մեզ մորթելու են, բայց մենք ապրել ենք: Այդ ամենը կուլ ենք տվել, պայքարել ենք մեր հողի համար, չենք ուզել դուրս գալ, որ Հայաստան-Ղարաբաղ կապող ճանապարհը մնա, հայերը տեսնեն, որ այստեղ մարդիկ են ապրում ու հանգիստ գնան, գան: Բայց էսքան պայքարից հետո էն բաների պես հանեն ու շպրտե՞ն, ասեն՝ չեք  ուզում Ղարաբաղ, գնացեք Հայատան, ինչ ուզում եք արե՞ք»:

Մեր հարցին՝ ի վերջո ի՞նչ որոշվեց, ի՞նչ են անելու Բերձորի բնակիչները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դեռ անորոշություն է, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն.  «Մեզ ասում են՝ ուզում եք դուրս եկեք, ուզում եք մի դուրս եկեք, վաղը մյուս օրն էլ դուք եք դառնալու թուրքի զոհը: Մենք ձեզ զգուշացրել ենք»:

Արփինե ՍԻՄՈՅԱՆ

Հ․ Գ․ Լրագրող Ամալյա Առաքելյանի գրառման տակ Հայկ Խանումյանն այսպես է մեկնաբանել 2016-ի ապրիլի 19-ին արած իր գրառումն, որով նա դեմ է արտահայտվում Արցախից որևէ տարածքի զիջմանը ու այսօրվա հայտարարությունը:

«Իսկ որտե՞ղ է ասվում, որ իմ համոզմունքներում ինչ֊որ բան փոխվել է։ Բերձորն ու Աղավնոն Արցախի իրավազորությունից դուրս են 2020 թ. դեկտեմբերից, գտնվում են ՌԴ ԽՈՒ իրավազորության ներքո։ Օգոստոսի 25-ից ՌԴ զորքերը հեռանալու են այս բնակավայրերից։ Ի՞նչ անենք, բնակչությանը չկազմակերպենք, չտարհանե՞նք։ Թե թողնենք թշնամին մեր բնակիչներին ստորացնի, ինչպես ասենք 2020թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ չէինք հասցրել որոշ բնակավայրերի տեղահանությունը կազմակերպել»,-պատասխանել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031