Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Բանվորի արձանի» վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում

Օգոստոս 05,2022 18:08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանդակի հեղինակի՝ Արա Հարությունյանի ընտանիքի անդամները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ոլորտի ականավոր գործիչներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ:

Քննարկման առանցքում «Բանվորի արձանի» վերականգնման տարբերակների և տեղակայման վայրի հարցերն էին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և կարևորել քննարկվող հարցերի շուրջ մեկ միասնական մոտեցման որդեգրումը. «Շատ կարևոր է մեծարժեք այս արձանի վերաբերյալ հանրային քննարկումը՝ հասկանալու՝ թե՛ քաղաքացիները, թե՛ մասնագիտական հանրույթը որտեղ և ինչ տեսքով են պատկերացնում այն»:

Փոխնախարարը ներկայացրել է արձանի վերականգնման 2 տարբերակ, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:

Առաջին տարբերակով նախատեսված է արձանը վերականգնել լիարժեք՝ այնպես, ինչպես եղել է: Ըստ առաջարկվող երկրորդ տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հիմնավորմամբ՝ բացակայում են արձանի մոտ 50 տոկոսը և մանրակերտը, ինչը բարդացնում է լիարժեք և նույնական վերականգնման հնարավորությունը: Ըստ նրա՝ համաձայն ուսումնասիրությունների՝ 2 տարբերակն էլ հնարավոր է իրականացնել, սակայն պետք է հասկանալ, թե հնարավոր է  արդյոք առանց որակական խաթարումների վերականգնել արձանը, և, ի վերջո, որն է վերականգնման բուն նպատակը:

Նշենք, որ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, հայտնել է ընտանիքի դիրքորոշումը, այն է՝ քանդակը վերականգնել որպես ինստալյացիա:

Ըստ հնչած հիմնավորումների՝ ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:

Կողմերը կարևորել են քանդակի բարձրության պահպանումը, վերականգնելու միջոցով վանդալիզմի դեպքերը հնարավորինս բացառելու հանգամանքը՝ այն դարձնելով դրա դեմ պայքարի յուրօրինակ խորհրդանիշ:

Արձանի տեղակայման վայրի վերաբերյալ ևս հնչել են տարբեր կարծիքներ. իր պատմական՝ նախկինում տեղադրված վայրում կամ հարակից տարածքում, կամ քաղաքային որևէ այգում, պուրակում: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանը ևս ոգևորված է աշխատանքներով և նպատակահարմար է գտնում արձանը տեղակայել Շենգավիթում:

Հնչել են կարծիքներ, ըստ որոնց՝ քանդակը պատմական վայրում տեղակայելը նպատակահարմար չէ, քանի որ այսօր այլևս չկա այդ տարածքի արդյունաբերական միջավայրը, գաղափարական հենքը:

Հանդիպման ավարտին որոշվել է հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ, լսել տեսակետներ և հիմնավորումներ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031