Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ:
Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ:
Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից:
Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:
Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ:
Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել:
Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ:
Արցախի Տեղեկատվական շտաբ