Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից խաղաղապահների մասին

Օգոստոս 05,2022 18:00

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքները հիանալի հնարավորություն տվեցին, որ իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող տարբեր մաստի գործակալները, հերթական հակառուսական հիստերիան բարձրացնեն՝ մեղադրելով ռուսական խաղաղապահներին։ Համոզված եմ, որ նրանք ոչ միայն հարմար առիթի էին սպասում, այլ նրանց համար հստակ ցուցում էին վարչապետ կոչեցյալի մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին։

Ինքս միշտ դեմ եմ եղել Արցախում ցանկացած խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ լինեն դրանք ՆԱՏՕ-ական, սկանդինավյան, թե ռուսական, իմանալով աշխարհի տարբեր ռեգիոններում խաղաղապահ ուժերի «արդյունավետության» մասին։ Այո՛, ցույց տվեք գեթ մեկ դեպք, որ խաղաղապահներն արդյունավետ են գործել։ Ցանկացած խաղաղապահ առաքելության մանդատը կողմերի միջև չեզոքության պահպանումն է։ Եթե որևէ կողմ խախտում է հրադադարը, ապա խաղաղապահները, լավագույն դեպքում, հորդորում են կողմերին հանդարտություն պահպանել, վատագույն դեպքում՝ հեռանում են, ինչպես Ռուանդայում։

Ինչո՞ւ պետք է սկանդինավցի կամ ռուս զինվորը զոհվի հանուն Արցախի։ Միակ բացառությունը 2008թ․ Հարավային Օսեթիայի դեպքն էր, երբ ռուս խաղաղապահները կռվեցին վրացական բանակի դեմ։ Տվյալ պարագայում Վրաստանը հանդես էր գալիս որպես ընդգծված հակառուսական երկիր և արդեն ռուս խաղաղապահները ոչ թե չեզոք , այլ կողմ էին։

Տվյալ պարագայում, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերը ոչ թե Հայաստանի դաշնակից Ռուսաստանի զինված ուժերն են, ինչպես Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազան, այլ տխրահռչակ եռակողմ համաձայնության արդյունք։

Ռուսական խաղաղապահ ուժերի ցանկացած զինված միջամտության դեպքում Ադրբեջանը, Թուրքիան, նաև կարծում եմ արևմուտքը անմիջապես կպահանջեն ռուս խաղաղապահների հեռացում Արցախից, որպես կողմնապահ ուժ։ Թերևս հենց այդ նպատակն են հետապնդում գործակալներն՝ իրենց վերջնական նպատակին, այն է՝ Արցախը հայաթափելուն հասնելու համար։

Եվ քանի դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, օգտվելով առիթից՝ Ադրբեջանն, իհարկե Թուրքիայի աջակցությամբ անվերջ սադրանքների է դիմելու։ Արցախն անվտանգ էր միայն ու միայն Հայաստանի կողմից նրա անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքով և Հայաստանից դեպի Արցախ տարվող զորակոչով։

Այստեղ ընդդիմախոսները հարց կտան, բա այդ դեպքում ինչո՞ւ մեր դաշնակից Ռուսաստանը չմիջամտեց բուն Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Եթե դու չես պաշտպանվում, այլ հայտարարում ես, որ այդ հողերը «ձյունածածկ, ամայի հողեր են» և դրանց համար չենք կռվելու, ապա այդ ո՞ր դաշնակիցը քեզ կաջակցի։ Իսրայելը ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց իր պետության նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը չի դիմում ԱՄՆ-ին, այլ ինքնուրույն է պատերազմում։

Եվ վերջապես, արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞ց Ռուսաստանին։ Հետաքրքրական է, որ ռուս խաղաղապահներին մեղադրող «գործիչները», որպես կանոն ոչ միայն իրենք չեն ծառայել բանակում, այլ իրենց սիրասուն զավակներին են թռցրել բանակում ծառայությունից։ Նրանց «երկաթյա» տրամաբանությամբ, ոչ թե մենք, այլ օտարները պետք է ապահովեն հայ ժողովրդի անվտանգությունը։ Նրանք, ըստ էության, ողջունեցին 2020թ․ նոյեմբերի 9-ի պարտությունն ու նրա հեղինակին, աջակցելով նրան նաև 2021թ․ ընտրական ֆարսի ժամանակ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031