Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դումանյանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

Օգոստոս 05,2022 17:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը ցավով փաստել է, որ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ երկու երկրների միջև նախատեսվելիք համագործակցության փաստաթղթերի ստորագրման գործընթացը դանդաղել է՝ վերահաստատելով այն վերսկսելու անհրաժեշտությունը:

Նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես վերսկսել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին» ծրագրի ստորագրման համար սահմանված գործընթացը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2023-2025 թթ. համագործակցության մասին» ծրագիրը ստորագրելու հնարավորությանը:

Նախարարը կարևորել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՀ քաղաքացիների համար Հալեպի համալսարանում արաբերենի ուսուցումը վերսկսելու հնարավորությունը: Վահրամ Դումանյանը դեսպանին առաջարկել է զարգացնել ՀՀ բուհերում արաբագիտության ամբիոնների և Սիրիայի Արաբական Հանրապետության բուհերում հայագիտության ամբիոնների գործունեությունը և փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Սիրիայի 282 քաղաքացիներ, որոնցից 270-ը ազգությամբ հայեր են:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցերին՝ ընդգծելով, որ պետք է ջանքեր չխնայել, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա  հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, որի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Նա վերահաստատել է ՀՀ-ի և Սիրիայի միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա:

Դեսպանը շեշտել է, որ մեծապես գնահատում է հայկական մշակույթը՝ հույս հայտնելով, որ հայ արվեստագետներն իրենց փորձառությամբ կկիսվեն սիրիացի գործընկերների հետ: Նորա Արիսյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման և Սիրիայում հայ ուսանողների կրթության կազմակերպման հարցերին: Դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցությունը և դասախոսների ու գիտնականների փոխադարձ այցերի կազմակերպումը:

Վահրամ Դումանյանը դեսպանին հրավիրել է՝ մասնակցելու սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք «STARMUS FESTIVAL VI» միջազգային փառատոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների զարգացումը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031