ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի Կենտրոնական հրապարակի հարակից այգում այսօր ներկա է գտնվել պետականությանը նվիրված հուշակոթողի և պետականության կերտման ճանապարհին հերոսացած զորականի անմահ հիշատակին նվիրված «Հերոսների արահետ»-ի բացման հանդիսավոր արարողությանը։
Ստեփան Դավթյանի հեղինակած հուշակոթողը կանգնեցվել է ռուսաստանաբնակ գործարար Արտակ Յավրյանի աջակցությամբ, իսկ հարակից այգին բարեկարգվել է Արմավիրի համայնքապետարանի միջոցներով:
Ողջունելով «Հերոսների արահետ»-ի բացմանը ներկա թեմակալ առաջնորդին, մարզային և համայնքային իշխանությունների պատասխանատուներին ու հյուրերին, իր խոնարհումը հայտնելով հերոսածին ծնողներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է ձեռնարկի նշանակությունն Արմավիրում, որը, ըստ նրա, արտահայտում է հերոսների հանդեպ ունեցած նվիրումն ու վերաբերմունքը:
«Նրանք իրենց կյանքի գնով մեզ ապրելու, ավելին՝ իրենց սխրանքներին արժանի ապրելու պատգամ են թողել, իսկ նման կոթողներն ամենուր ու անընդհատ վկայելու են այդ մասին»,- իր խոսքում նշել է մարզպետը՝ ամուր կամք և համբերություն ցանկանալով որդեկորույս ծնողներին:
Կարդացեք նաև
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և այն իրագործողներին՝ նշելով, որ նրանց գործը մեծ գնահատանքի է արժանի և հավետ հիշվելու է:
Պետականության կերտման ճանապարհին հերոսացած զորականի անմահ հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցմանն աջակցելու և հայրենանվեր գործի համար Արտակ Յավրյանը պարգևատրվել է Արմավիրի համայնքապետի հուշամեդալով:
Արմավիրի մարզպետարան