Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «ՀՀ իշխանությունը նրա համար է, որ Հայաստանը տարածքնե՞ր կորցնի, որ Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցները հազարներով զոհվե՞ն, վիրավորվե՞ն, հաշմանդա՞մ դառնան, գերության մե՞ջ հայտնվեն»

Օգոստոս 05,2022 17:21

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Արցախի ՊԲ-ում ծառայություն անցնող հայաստանցի զինվորների սուսուփուս դուրսբերումն Ալիեւի պահանջի կատարում է: «Բայց Ադրբեջանը առաջ է գնացել եւ ամբողջական ապառազմականացման պահանջ է դրել: Այսինքն, խնդիր է դրել՝ ստանալու առանց դիմակայության ռեսուրսի Արցախ: Եվ Հայաստանը գնում է դրա ճանապարհով: Երեկ ի՞նչ էր ասում կառավարության ղեկավարը: Ասում էր՝ սահմանների անձեռնմխելիությունը ապահովեք, այնտեղ չի լինի մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակ: Այսինքն, ըստ էության հրապարակային գործարք է առաջարկում Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը հայտարարի, թե խնդիր չունի որեւէ գործողություն անելու, ինքն էլ ասի՝ տեսա՞ք, Ադրբեջանը այսպես է հայտարարել, մենք էլ պաշտպանության բանակ պահելու անհրաժեշտություն չունենք:

Երկրորդը. Հայաստանի ԱԳՆ-ն է նույնիսկ իր հայտարարությամբ հաստատում, որ ադրբեջանցիները Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի այդ երթուղու փոփոխությամբ փորձում են հասնել ռեժիմի փոփոխության: Ի՞նչ է ենթադրում ռեժիմի փոփոխությունը: Այս պահին Լաչինի միջանցք ասվածը ճանապարհի կողքի հինգ կիլոմետր լայնությամբ անվտանգային գոտի է, որտեղ տեղակայված է նաեւ ճանապարհը: Ադրբեջանը այս փուլում պահանջում է խնդիրը լուծել նոր ճանապարհով: Ասում է՝ նոր երթուղի է, սա ճանապարհ է, այլեւս միջանցք չէ: Այսինքն, եթե թույլատրվի իրագործել նրանց այս պահանջը, կստացվի, որ ճանապարհից պայմանականորեն 5-10 մետր հեռավորության վրա կարող է լինել ադրբեջանական անձնակազմ, կամ ադրբեջանական դիրք»:

Պատգամավորը նաեւ առաջ քաշեց, իր խոսքով, մեր համար ոչ պակաս կարեւոր եւս մի հարցադրում. «Մեր համար շատ վտանգավոր գործընթացն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն այս քայլերով եւ ուժի կիրառման սպառնալիքով փորձում է հող նախապատրաստել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Պատահական չէր, որ կառավարության այս վերջին նիստում նույն Փաշինյանը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք ճանապարհ տալ տարբեր հատվածներով, հանձնարարություններ էր տալիս ԱԱԾ եւ ՊԵԿ ղեկավարներին՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել եւ ըստ անհրաժեշտության ապահովել ադրբեջանցիների տեղաշարժը եւ անվտանգությունը Հայաստանի տարածքում:

Այսինքն, այս իշխանությունը ոչ միայն չի դիմադրում Հայաստանի պետականության, մեր պետության կենսունակությանը հարվածող այդ ալիքներին, այլեւ ստեղծում է պայմաններ դրա իրագործման համար:

Եվ երբ այս իրավիճակում տեսնում ես, որ ասում են այսինչ բանը ռուսը չարեց, սա պիտի անեին Մինսկի խմբի համանախագահները, այն բանը պիտի անեին արցախցիները, հարց է առաջանում. կներեք, բայց ի՞նչ պիտի անի Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունը նրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքնե՞ր կորցնի, որ Հայաստանի բնակիչները, Արցախում ապրող մեր հայրենակիցները հազարներով զոհվե՞ն, վիրավորվե՞ն, հաշմանդա՞մ դառնան, գերության մե՞ջ հայտնվեն: Կասի՞ որեւէ մեկը, թե ինչի համար է Հայաստանի իշխանությունը եւ վերջապես ի՞նչ պատասխանատվություն է կրում այս ամենի համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031