Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի «Չարենցը» ներկայացվեց նաեւ մարզերում

Օգոստոս 05,2022 16:36

Ընթացիկ տարվա սկզբից հանրապետությունում սկսվել եւ շարունակվում են, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ բացարձակ հանճար Եղիշե Չարենցի ծննդյան 125 ամյակին նվիրված միջոցառումները։ Գարնանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոբելյանին նվիրված երաժշտաթատերական ներկայացում էր։ Կոմպոզիցիայի հեղինակն էր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը, պրոդյուսերը՝ Նորայր Նազարյանը, (ՀԱՖՆ և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն), մասնակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Չարենցյան ընթերցումներով, հայ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունների ուղեկցությամբ հանդես եկան ճանաչված դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը, տենորներ Տիգրան Մելքոնյանն ու Հովհաննես Անդրեասյանը։

Կայացած այդ երեկոյից հետո, առանց չափազանցության, մինչ օրս հանդիսատեսի, նաեւ արվեստագետների շրջանում չեն դադարում հիացական արձագանքները։ Պատճառը մեկն է. ծայրաստիճան ճաշակով էր հրամցվում չարենցյան խոսքը դասական երաժշտության ուղեկցությամբ՝ Ալան Հովհաննես-Գրիգոր Լուսավորիչ, Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան, Հարությունյան, Միրզոյան, Հովհաննիսյան, Շաքարյան, Հովունց, Երկանյան, Թարիվերդիեւ։ Իսկ ինչու ենք նշում կոմպոզիտորների անունները, որովհետեւ նրանց ստեղծագործություններն այնպես համահունչ էին Չարենցի տողերին, կարծես գրված լինեին հենց դրանց համար։ Նշենք նաեւ ողջ երեկոյի ընթացքում էկրանին ցուցադրվող Արմեն Գալոյանի հեղինակած տեսանյութերն ու անիմացիան, որոնք, իհարկե, էլ ավելի դիտարժան էին դարձնում մատուցվող նյութը։ Մի բան էլ. այդ երեկոյից հետո շատերից ենք լսել, թե նորից հաճույքով կվայելեին հենց այդ ծրագիրը։ Եվ օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Անահիտ Բարխուդարյանը (գլխավոր լուսանկարում) մեզ հայտնեց, որ վերջերս հենց այդ ծրագիրը, Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ներկայացվել է մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում։

«Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում եւ Դիլիջանում՝ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների տան Բեթհովենի անվան դահլիճում կրկնեցինք չարենցյան գրական-երաժշտական երեկոն, որին արձագանքեց մարզային մամուլը։ Ֆիլհարմոնիկը իր մշակութային քաղաքականության շրջանակում ամեն ինչ անում է ի նպաստ մարզային մշակութային կյանքի զարգացման։ Չարենցյան երեկոն ձեւաչափերից մեկն է, որը համախմբում է մեր մարզաբնակ արվեստասերներին դասական երաժշտության շուրջ եւ, ինչու ոչ՝ նաեւ կրթական տարրեր է պարունակում։ Առանց հուզմունքի հնարավոր չէր տեսնել, թե ինչպես էր երեկոյի ավարտին նվագախմբի արտիստների, դերասանների հետ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» հոտնկայս արտասանում նաեւ հանդիսատեսը»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հավաստիացրեց նաեւ, թե ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը գալիք համերգաշրջանում նույնպես հավատարիմ կմնա իր որդեգրած քաղաքականությանը՝ կազմակերպելով եւ անցկացնելով համերգային այցեր հանրապետության մարզեր։

Զրույցի ընթացքում Անահիտ Բարխուդարյանը հիշեցրեց անցած համերգաշրջանի ընթացքում ֆիլհարմոնիկի համերգները մարզերում, այդ թվում՝ կանադահայ անվանի դիրիժոր Փիթեր Ումջյանի ղեկավարությամբ, ֆիլհարմոնիկի երաժիշտներից կազմված կամերային Tete-a-Tete նախագծի (մտահղացման հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան) համերգները Գյումրիում եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Չարենցյան երեկոները Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031