Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի գործով քողարկված վարո՞ւյթ է իրականացվել. պաշտպան

Օգոստոս 05,2022 16:24

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել՝ պարզելու համար ձայնագրություն կատարող անձին: Եթե ձայնագրությունն իրականացնող անձը պարզված չէ, պաշտպանական կողմը չի բացառում, որ ձայնագրությունն իրականացվել է պետական մարմնի, պետական-պաշտոնական անձի կողմից: Իսկ սա նշանակում է, որ քողարկված վարույթ է իրականացվել: Այս գործով դատալսումների ժամանակ, այսօր նման կարծիք հայտնեց պաշտպանական կողմը: Եթե պարզվի, որ ձայնագրությունն իրականացվել վարույթի մասնակից անձի կողմից, պաշտպանական կողմը նկատում է, որ պատշաճ չեն պահպանվել չափորոշիչները: Պաշտպանները նկատեցին՝ եթե չունենք, թե ո՞վ է ձայնագրությունն իրականացրել, զրկված ենք այդ անձին հարցաքննելուց, գնահատելուց ձայնագրության կատարման շարժառիթը, որը, ըստ Վճռաբեկ դատարանի, կարեւոր նշանակության ունի ձայնագրության կատարման ձեւի համար, զրկված ենք նրա դրդապատճառները քննելուց եւ հասկանալուց, ուստի կասկած ունեն, որ այն կատարվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:

Ավելի ուշ, պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց, որ այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է, որ Ավետիք Չալաբյանի մասով ձայնագրությունն արվել է օրենքով սահմանված կարգով՝ նկատելով, որ նա իբրեւ պետական իշխանության մարմին իրավունք չուներ հրապարակային տեսակետ հայտնել գործի վերաբերյալ եւ պետական մարմինների կողմից էլ գաղտնի ձայնագրություն է իրականացվում բացառիկ կարեւորության դեպքում: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ձայնագրության մասին տեղեկատվությունը հրապարակվել է իշխանական կամ իշխանամերձ կայքում՝ նկատելով, որ աղբյուրի անհայտ լինելը անթույլատրելիության ուղիղ հիմք է:

Պաշտպանական կողմը մանրամասն ներկայացրեց մասնավոր ձայնագրառումների վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի պահանջները, առկա դատական պրակտիկան, նաեւ միջազգային փորձը եւ այդ ամենից ելնելով՝ հայտարարեց, որ գործի հիմքում դրված հիմնական ապացույց ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, մանավանդ, որ հարցաքննված Թոռնիկ Ալիյանը հրաժարվել է իր ցուցմունքից:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ զուգահեռներ տարավ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության հետ, որի մասով ԲԴԽ-ն հրաժարվեց կարգապահական վարույթ հարուցել, քանի որ ձայնագրությունը մոնտաժված է: ՄԻԵԴ տեսանկյունից, ըստ պաշտպանի, մի դեպքում պետությունը հրաժարվում է նույնաբովանդակ ձայնագրության առկայության պայմաններում ավելի նվազ խստության հարկադրանքի միջոց կիրառել, մյուս դեպքում՝ պետական մեքենան ամբողջ թափով աշխատում է, որպեսզի անձին ավելի խիստ հարկադրանքի ենթարկի՝ անձին պահելով նաեւ կալանքի տակ:

Պաշտպանական կողմն առաջարկում է անթույլատրելի համարել նաեւ Ավետիք Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի միջեւ առերեսման հարցաքննությունը, որը կատարվել է խախտումով:

Հանրային մեղադրողը առարկեց՝ պնդելով, որ բոլոր ապացույցներն էլ ձեռք են բերվել պատշաճ:

Դատարանը որոշեց՝ անհրաժեշտ է բովանդակային հետազոտել թե ձայնագրառումը, թե առերես հարցաքննության ապացույցը, թե դեպքի վայրի զննության, թե լազերային սկավառակը եւ դրանց վերաբերելի փաստաթղթերը՝ վերաբերելիությունը եւ թույլատրելիությունը պարզելու համար: Նշված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու պաշտպանների միջնորդությունները հետաձգվեցին:

Դատարանը որոշեց նաեւ, որ դատական նիստերին մեղադրյալ Էմմա Սարգսյանի բացակայությունը թույլատրելի է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին: Նա դատարանի հետ պետք է մշտական կապի մեջ լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031