Պահպանողական կուսակցությունը հիշեցնում է ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա դեսպաններին, քաղաքական և հասարակական միավորներին, որ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենը 1992-ին բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է)։ Արդյունքում՝ ներկայում խախտված են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու իրավունքները։
Այսու՝ ՊԿ-ն հայտարարում է, որ այս տարի քայլեր է ձեռնարկելու Արծվաշենը ՀՀ բոլոր պետական և հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ներկայացված քարտեզներում ընդգրկելու, Արծվաշենի հարցը միջպետական բանակցությունների թեմա դարձնելու, Արծվաշենը վերադարձնելու ծրագրի մշակման, ինչպես նաև՝ այս նախաձեռնություններին հնարավորինս շատ մարդկանց և կառույցների ներգրավելու ուղղությամբ։
Ի մասնավորի՝ առաջնորդվելով ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները պաշտպանելու նկատառումներով,
Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ խմբակցություններին Արծվաշենի անկման օրը՝ օգոստոսի 8-ը, ներառել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում որպես ազգային մեծ ողբերգության մասին հիշատակում։
Օրենսդրական այս նախաձեռնությունը կհանդիսանա հարգանքի տուրք Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) զոհերի հիշատակին, կերևակի ժողովրդի՝ ինքնիշխանությունն և մարդու իրավունքները պաշտպանելու հաստատակամությունը, բարոյապես կզսպի ներկա և ապագա իշխանություններին հակապետական-հակաժողովրդական քայլեր կատարելուց՝ ՀՀ անբաժանելի տարածքներն օտարելուց-փոխանակելուց-հանձնելուց։
Պահպանողական կուսակցության խորհուրդ