Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի ենք համարում Արցախի ՊԲ-ի կազմալուծման կամ զինաթափման որևէ պահանջ. «Միասնական Հայրենիք»

Օգոստոս 05,2022 16:12

«Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունը

Արցախի Հանրապետության ապառազմականացման Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ

Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․

  • Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները:
  • ՀՀ-ի ԶՈւ-ի ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։
  • Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ:
  • Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները:
  • Կարևորելով ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է:

Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:

«Միասնական հայրենիք» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031