Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Այս իշխանությունը նույնիսկ ուզում է մարդկանց գիտակցության միջից դուրս բերել, ոչնչացնել այն, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթանակներ է ունեցել»

Օգոստոս 05,2022 15:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Հայելի» ակումբում վերլուծելով վերջին չորս տարում ու մասնավորապես այս օրերին Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի դրդապատճառները՝ ասաց. «Ադրբեջանում հասկացել են, որ Հայաստանում կա իշխանություն, որի առաջ կարելի է դնել պահանջներ եւ այդ իշխանությունը գլուխը կախ դրանք կատարելու է, որովհետեւ այդ իշխանությունը առաջինը՝ ի վիճակի չէ դիմակայություն ապահովել, եւ երկրորդ՝ այդ իշխանությունը ուղղակի դիմադրելու ցանկություն չունի: Եվ դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական այս վերջին ագրեսիայից առաջ իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավարը եւ առանձին դեմքեր, հասարակությանը ոչ միայն նախապատրաստում էին զիջումների, այլեւ ոչնչացնում էին այն ամենը, ինչ կապված է մեր պետականության, բանակաշինության, մեր հաղթանակների հետ: Այսինքն, այս իշխանությունը նույնիսկ ուզում է մարդկանց գիտակցության միջից դուրս բերել, ոչնչացնել այն, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթանակներ է ունեցել, փորձում են այս հասարակությանը վերածել մեջքը կոտրածների, ծնկի եկածների, գլուխը կախ քայլողների հասարակության»:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս ամենի դեմն առնողը պետք է առաջին հերթին հասարակությունը լինի, թեեւ կան քաղաքական ուժեր: «Քաղաքական ուժերը ունեն կոնկրետ ֆունկցիա՝ քաղաքական գործընթացներ առաջ մղել: Բայց հասարակությունը չի կարող միայն սպասել, թե այս կամ այն քաղաքական ուժը ինչով է զբաղվում, ոնց է այս գործընթացին վերաբերվում: Հասարակությունը պետք է դիմադրի, առանց հասարակության դիմադրության խնդիրներ չեն լուծվելու», – ասաց նա: Եվ նախազգուշացրեց՝ բոլորը պետք է գիտակցեն, որ սա մշակված գործընթաց է, որը շատ արագ մոտենալու է Երեւանի մատույցներին:

Տիգրան Աբրահամյանը նաեւ բացատրեց. «Շատերը հարցնում են, թե ի՞նչ եղավ, որ հենց այս փուլում Ադրբեջանն այսպիսի ագրեսիայի դիմեց: Ադրբեջանը դրել է մի քանի պահանջ, որոնք փորձում է արագ ի կատար ածել: Առաջին. փորձում է արագացնել գործընթացը, պայմանավորվածությունների կատարումը՝ այն, ինչ եղել է Հայաստանի իշխանությունների հետ հրապարակային, նաեւ կուլիսային: Եվ այդ պայմանավորվածությունների արագ կատարումը անհրաժեշտ է Ադրբեջանին: Օրինակ, երեկ Հայաստանի կառավարության ղեկի պաշտոնում գտնվող անձը ասում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով այդ երթուղու շուրջ իրենց հետ որեւէ պլան չի համաձայնեցվել: Եվ Հայաստանի հասարակությունում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանությունը առհասարակ տեղյակ չի եղել, որ նոր ճանապարհ է կառուցվում: Բայց տեսեք. ամիսներ շարունակ 32 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցվում ադրբեջանցիների կողմից: Ընդ որում, այդ ճանապարհի մի մասը Արցախի Բերդաձորի ենթաշրջանում է՝ Շուշիի շրջանի երկու գյուղերի հատվածում, ու Հայաստանի իշխանությունը ուզում է հասարակությանը համոզել, թե ինքը տեղյակ չի եղել դրանից: Անգամ այն մարդիկ, որոնք հատկապես վերջին ամիսներին գնում էին Արցախ, տեսնում էին, որ աջ կողմում ճանապարհ է կառուցվում: Ես չեմ խոսում այն մասին, որ մինչեւ այդ ճանապարհի անցկացումը եղել են քննարկումներ: Նույն այս իշխանության ներկայացուցիչները տարբեր հայտարարություններում ակնարկել են, որ կա քննարկում, որ Արցախի իշխանություններն են բանակցում: Այսինքն՝ եղել է գործընթաց, թե որտեղով է անցնելու երթուղին, երբ է մեկնարկելու ճանապարհի շինարարությունը, ինչ է ենթադրում, որտեղ է հատելու Հայաստանի սահմանը: Իսկ հիմա բոլորի աչքերի մեջ նայելով, բառի բուն իմաստով, փորձում են լկտիաբար խաբել»:

Նշելով, որ անգամ Հայաստանի համար ողբերգական նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ասում, որ երեք տարում պետք է հաստատվի մի այնպիսի նախագիծ, որի պայմաններում պետք է շրջանցվեն Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը, պատգամավորն ասաց. «Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում որտեղ կա քննարկելու, բանակցելու հարց, այդտեղ Հայաստանն ընդհանրապես չի բանակցում, ու Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես ցանկանում է: Տեսնելով, որ այս իշխանությունների պայմաններում իր համար լայն հնարավորություններ են ստեղծված՝ առավելագույնը ստանալու, Ադրբեջանը հենց այդպես էլ շարժվում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031