«Մենք ոչ թե Հայաստանը պիտի փրկենք, այլ մենք մեզ պիտի փրկենք: Ես իմ երեխաներին եւ մինուճար թոռնիկին՝ որպես հայ մարդու, փրկության խնդիրն եմ լուծում: Ինձ համար դա սկսվում է ամսի 8-ից հրապարակից: Այնպես որ, ով ուզում է սուրճ խմի այդ weekend-ը, խրախճանք անի, ինչ ուզում է անի, բայց եթե մենք հասնենք սեպտեմբերի 1-2-ը, արհեստական ժամկետ չդնեմ, բայց թե ինքնահոսի գնանք, այս նույն դասական վիճակը լինի իշխանություն-ընդդիմություն, հայհոյախոսություններ, կառավարությունն անի այն, ինչ ուզում է անի, հասնենք Աղավնո, Բերձոր, էլի ընդհարումներ, էլի զոհեր… այդ ամեն ինչը քաղաքացի Փաշինյանի հաշվեկշռի վրա է: Սրանք իր զոհերն են: Ես չեմ ուզում ինքս դրա սուրհանդակը լինել», – այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նա ասուլիսում մատնանշեց այս իշխանությունների սխալներն ու արատները, առաջարկեց իր լուծումները՝ Ազգային վստահության խորհուրդ ստեղծել ու ասաց, որ օգոստոսի 8-ին լինելու է Հանրապետության հրապարակում:
Բերձորի բնակիչների փոխանցմամբ՝ երեկ իրենց քաղաքապետը Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք 1 ամիս ժամանակ ունեն եւ պետք է լքեն քաղաքը: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ին Բերձորի միջանցքով գնալու է Ստեփանակերտ: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Րաֆֆի Հովհանիսյանն ասաց. «Ես ամեն տարի սեպտեմբերի 2-ին եւ մայիսի 9-ին գնում եմ Արցախ: Ես չեմ կարծում, որ այդ որոշումը իրավաչափ է: Դա հայտարարությունից չի բխում, եւ, կարծում եմ, դա հերթական քայլն է՝ դեպի Արցախի հայաթափում: Անգամ, եթե Աղավնոն չի ընդգրկվում դրա մեջ, պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ համահայկական ուժերով ստեղծված, կառուցված Գորիս-Ստեփանակերտ մայրուղին արդեն փակվում է: Եթե դա տեղի ունեցավ, արդեն փակվում է այն, ինչ հայ ժողովուրդը միացյալ ուժերով 1992-ին բացեց: Երբ որ խեղդված էր Արցախը, հայ ժողովուրդն այդ հրաշքը գործեց եւ բացեց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ