Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նոյեմբերի 9-ին Փաշինյանի աղետաբեր իշխանության էջը թերթվեր, կունենայինք հայապատկան Քարվաճառ ու Ակնա». Դավիթ Ջամալյան

Օգոստոս 05,2022 14:28

«Ես հռետորական հարցադրում եմ անում մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք դեռ կամուկացի մեջ են առ այն, որ գուցե Նիկոլը փորձում է ինչ-որ բան անել, բայց չի կարողանում: Հիմա հարց եմ տալիս ՝ 44-օրյա պատերազմից անցել է գրեթե երկու տարի, ինչո՞ւ մենք առ այսօր ձեռք չենք բերել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որպեսզի կանխենք, թույլ չտանք ադրբեջանական հարվածային անօդաչուների թռիչքը», – «Հայելի» ակումբում նման հարց հնչեցրեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Հենց հիմա մենք երկու լուսավոր, պայծառ հզոր տղա կորցրինք Արցախում, ու հենց հաջորդ իսկ օրը կառավարության որոշմամբ կապիտուլյանտական ռեժիմի պարագլուխը 700 միլիոնից ավելի դրամ հատկացրեց պետական պահպանության ծառայությանը, այսինքն` ինքն իրեն պաշտպանելուն: Կարելի՞ էր այդ միջոցներն ուղղել եւ ձեռք բերել գոնե մի քանի միավոր ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց, որպեսզի հիմնական ենթակառուցվածքների հատվածում ունենանք փակ երկինք, եւ որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանա իր անօդաչուներն օգտագործել: Սա շատ պարզ հարցադրում է: Ինչո՞ւ ձեռք չեն բերում, ինչո՞ւ են արհեստականորեն Ադրբեջանին ապահովում գերազանցություն այն ոլորտում, որտեղ ուղղակի այն չի կարող լինել, եթե մենք գործուն քայլեր ձեռնարկենք», – հավելեց ռազմական փորձագետը:

Նրա խոսքով. «Որպեսզի գնաս զիջումների, հող տաս, հայրենիք հանձնես, պետք է այդ ամենը անես նոր պարտության, նոր աղետի, նոր զոհերի ֆոնին, իսկ նոր աղետի, նոր զոհերի համար պետք է թույլ տալ ադրբեջանական կողմին ունենալ հնարավորություն այդ աղետը մեր գլխին բերելու»:

Դավիթ Ջամալյանն այլ հարցադրումներ էլ արեց. «Օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը դեռ չէր կիրառել անօդաչու հարվածային սարքեր, այդ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ մեկ թեթեւ վիրավոր, ադրբեջանական գրոհը հետ մղվեց: Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ ադրբեջանական կողմը չի կիրառում անօդաչու հարվածային սարքեր, հայկական կողմը հաջողությամբ դիմադրում է, հետ է մղում գրոհը»:

Ի թիվս այլնի, Դավիթ Ջամալյանն ընդգծեց. «Եթե իշխանությունը փոխված լիներ մայիս ամսին, չէր լինի այսօրվա սրացումը, մեր զոհված տղերքը ողջ կլինեին… Ասում են՝ իբր իշխանություն փոխվեր, պատերազմ կլիներ, սա են սերմանում մեր դյուրահավատ հայրենակիցների շրջանում: Մինչդեռ, եթե իշխանությունը փոխվեր, մի քանի միավոր ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց կբերվեր Հայաստան, զոհված տղերքն էլ ողջ առողջ կլինեն… Եթե նոյեմբերի 9-ին իշխանություն փոխվեր, Քարվաճառն ու Ակնան մերը կլինեին, ու թող ոչ ոք ինձ չհակադրվի ու չասի՝ ինչպե՞ս. բազմաթիվ պայմանագրեր կան ստորագրված աշխարհում, որոնք կյանքի չեն կոչվում ռեալ պոլիտիկի գրված տրամաբանությամբ:

Եթե նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի աղետաբեր իշխանության էջը թերթվեր, մենք այսօր կունենայինք հայապատկան Քարվաճառ ու Ակնա, կկարողանային Գորիսից Կապան հանգիստ երթեւեկել, որովհետեւ մի բան է, երբ կապիտուլյանտական ռեժիմը ստորագրում է ինչ-որ բան, բոլորովին այլ բան է, երբ դու ունես դաշնակից ու բարեկամ երկրներ, որոնց շահերին չի համապատասխանում  կապիտուլյանտական ռեժիմի ստորագրած խայտառակությունը, եւ ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ, հիմնվելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնությունը խախտելու բազմաթիվ փորձերի վրա, հնարավոր էր թուլ չտալ այդ տարածքների հանձնումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031