«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի գործով դատալսումների ժամանակ այսօր պաշտպանական կողմը միջնորդեց երկու վկայի դատակոչել, ովքեր մասնակցել են կամ ներկա են գտնվել խնդրո առարկա խոսակցությանը, որը դրված է մեղադրանքի հիմքում: Խոսքը Արման Սահակյանի եւ Էրիկ Հայրապետյանի մասին է:
Պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ Արման Սահակյանի հարցաքննման մասին բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել նաեւ նախաքննության փուլում, որոնք ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններով մերժվել են: Պաշտպանական կողմը հրապարակեց փաստաբանական հարցման պատասխանները, որոնցով Արման Սահակյանը դատարանին հայտնում է, որ ինքը ներկա է եղել խնդրո առարկա խոսակցությանը եւ շատ արժեքավոր տեղեկություններ ունի դատարանին հայտնելու սույն քրեական գործի հետ կապված: Փաստաբանական հարցման է ենթարկվել նաեւ Էրիկ Հայրապետյանը, որը նույնպես ներկա է եղել խնդրո առարկա զրույցին, բայց չի մասնակցել քննարկմանը: Նա նույնպես պատրաստակամություն է հայտնել ներկայանալ դատարան եւ զրույցի ու դրա բովանդակության վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները հրապարակել: Էրիկ Հայրապետյանը, փաստորեն, երկրորդ վկան է, որը չի հարցաքննվել սույն գործի շրջանակներում:
Հանրային մեղադրողն առարկեց՝ նկատելով, որ նախաքննության փուլում էլ Արման Սահակյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու միջնորդություն է ներկայացվել եւ մերժվել է, քանի որ, հարցաքննվելով վկայի կարգավիճակով, կարող է խախտել իր պաշտպանության իրավունքը, քանի որ նախաքննության համաձայն, Արման Սահակյանը հնարավոր է այլ կարգավիճակ ձեռք բերի: Նա հավելեց, որ մայիսի 13-ին՝ Ավետիք Չալաբյանին կալանավորելու եւ մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը, Արման Սահակյանը լքել է երկիրը եւ մինչ օրս չի վերադարձել: Հանրային մեղադրողը ենթադրում է, որ Արման Սահակյանի հետ պաշտպանները համացանցի միջոցով են կապ հաստատել, ուստի տրամաբանական կլիներ միջնորդեին՝ հատուկ կարգով հարցաքննել նրան: Ընդհանուր առմամբ, սակայն, այս փուլում Արման Սահակյանին իբրեւ վկա ներգրավելը եւ հարցաքննելը, հանրային մեղադրողը տեղին չի համարում, քանի որ հայտնի չէ, թե դատավարության այդ փուլում Սահակյանը Հայաստան վերադարձած կլինի՞ եւ ի՞նչ կարգավիճակ կունենա: Էդիկ Հայրապետյանի մասով էլ առարկեց՝ նկատելով, որ փաստաբանական հարցման արդյունքից ակնհայտ է, որ անմիջական խոսակցություններին նա չի մասնակցել, կողքի սեղանին է նստած եղել, ուստի գործի համար ապացուցողական նշանակության հարցերի չի կարող պատասխանել:
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ Արման Սահակյանը գտնվում է ՌԴ-ում, փաստաբանական հարցումն էլ իրականացվել է իր եւ Արման Սահակյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի մասնակցությամբ, համաձայն սահմանված կարգի: Այսինքն, Արման Սահակյանի պաշտպանության մասով որեւէ խնդիր չի կարող լինել: Ինչ վերաբերում է Արման Սահակյանի հնարավոր այլ կարգավիճակին, պաշտպանը վկայակոչեց ՄԻԵԴ-ի արձանագրումը, որը վկայի կարգավիճակի սահմանափակումներ չի դնում, եւ վկայի կարգավիճակով կարող է հանդես գալ անգամ մյուս մեղադրյալը: Պաշտպանական կողմը տպավորություն ունի, որ Արման Սահակյանին ստիպված են դատավարական կարգավիճակ տալիս, որպեսզի նա որպես վկա չկարողանա հարցաքննվել:
Կարդացեք նաև
Էրիկ Հայրապետյանի մասով էլ Վարազդատ Հարությունյանը հստակեցրեց՝ իբրեւ ապացույց ներկայացված ձայնագրության խոսակցությանը նա ներկա չի եղել, այլ հաջորդ օրը, «Ռեհան» ռեստորանում կայացած հանդիպում-քննարկմանն է ներկա եղել, որի ժամանակ զրույցի թեման նույնն է եղել ու քննարկմանը նրա չմասնակցելը հիմք չէ ենթադրել, որ նա այլ սեղանի է նստած եղել:
Պաշտպանական կողմը պնդեց իր միջնորդությունները: Դատարանը բավարարեց դրանք:
Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, Դիմադրության շարժման հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ