Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արման Թաթոյան, Վազգեն Մանուկյան, Բագրատ սրբազան, Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան…». Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ է հրապարակում, առաջարկում Ազգային վստահության խորհուրդ ստեղծել

Օգոստոս 05,2022 13:52

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրած ասուլիսում, մատնանշելով այս իշխանությունների սխալներն ու արատները, առաջարկեց լուծումներ ու քայլեր՝ ասելով, որ դրանք մի քաղաքացու առաջարկ են. «Ես հույս ունեի, որ մեր քաղաքական ուժերը ամիսներ առաջ կունենային այդ հեռատեսությունը, այդ ողջախոհությունը՝ դուրս գալ դասական քաղաքական պայքարից, կուսակցական հայհոյախոսությունից եւ սթափ քայլեր կկատարեն պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քիչ թե շատ բնականոն ընթացքն ապահովելու համար, այս ինքնախցանը դուրս հանել մեր միջից… Ժողովուրդը վերջապես պիտի հասկանա, որ ինքը մեղսակից է Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհի հանձնման, Արցախի շրջափակմանը, որ պիտի հետեւի ամիսների ընթացքում, Սյունիքի եւ հերթով մեր բոլոր սահմանամերձ հատվածների հանձնման: Ազգային վստահության խորհրդի ստեղծումը, որը իմ գործը չէ, դա պիտի լինի բոլոր քաղաքական ուժերի խնդիրը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, մինչեւ վիճակի կայունացումը եւ նոր ընտրությունների կազմակերպումը, որի համար պետք չէ շտապել:

Սրանք հրամայականներ են, պատրանքային հարցեր չեն: Խորհուրդ, որ պիտի հիմքը դառնա նոր կառավարության, ապա ամիսներ, տարիներ անց՝ նոր ընտրությունների: Բանակցությունների պահով ոչ մի էական քայլ առաջ՝ առանց այդ հայտարարության կետերի լիարժեք կատարման պաշտոնական Բաքվի կողմից՝ մեր բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական այլ անձանց վերադարձը իրենց հայրենիք: Այդ հայտարարությունը մեր պատասխանատվության, նաեւ մեր մեղքով ՍԴ, ԱԺ կամ ժողովրդի ծոց չի ուղարկվել հավանության, բայց դե ֆակտո գործում է: Դե թող դե ֆակտո գործի, ու Ադրբեջանը կատարի իր հանձնառությունը: Եվ երկրորդ՝ ՀՀ գոնե գործող սահմաններից բոլոր օտար ուժերի անմիջապես դուրս բերում: Դրանից հետո բանակցությունների, ըստ էության, վերսկսում՝ ճանապարհների եւ այլ հարցերի: Այս ընթացքում գեներալ Վոլկովը եւ իր զորակազմը պետք է վերականգնեն իրենց լիարժեք արժանապատվությունը, լիազորությունը եւ չենթարկվեն որեւէ օտար մայրաքաղաքի ինչ-որ էժան ստից թղթածրարների, որոնք հետապնդում են քաղաքական, ներքաղաքական նպատակներ: Մինսկի խմբի գործընկերները նույնպես պետք է վերցնեն իրենց պատասխանատվության բաժինը եւ սանձեն այն կողմին, որը խախտում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը եւ, վերջապես, դուրս գան կեղծ հավասարումներից, վերցնեն իրական խաղաղարարի եւ իրական արժեքները պահպանողի պատասխանատվությունը»:

Թե ովքեր պետք է լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ազգային խորհրդի կամ կոմիտեի կազմում՝ նա ասաց, որ ունի իր առաջարկը կազմի վերաբերյալ, բայց տարբեր քաղաքական ուժեր կարող են իրենց առաջարկներն անել. «Ես ունեմ 3-4 ցուցակ: Ոչ մեկի հետ չեմ խոսել, որեւէ մեկին հարվածի տակ չեմ դնում: Սա ուղղակի մեթոդաբանություն է, սա այս պահին խցանը հանելուց հետո հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցությունները առաջ տանելու եւ կայունություն ստեղծելու առաջարկ է: Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ սրբազան Գալստանյան…»: Իսկ կոնկրետ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 8-ից լինելու է Հանրապետության հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց նաեւ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին. «Տիկի՛ն Հակոբյան, հանուն ձեր երեխաների, մեր երեխաների, հույս չունեմ խոսքերի էֆեկտի, բայց դե էլի փորձում եմ, որովհետեւ բումերանգի նման, ինչպես եղել է նախկին իշխանավորների օրոք, աղոթել եմ, որ այդ բումերանգը չխփի այդ իշխանավորների ընտանիքին ու առավել եւս մեր հայրենիքին, այդ բումերանգը խփելու է: Մի՛ արեք, հետ կանգնեք, խցանը բացե՛ք: Ունեք այս ամիսը՝ պատմության ընթացքը փոխելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031